.png)
Իշխող խմբակի գործողությունները իշխանափոխությունից հետո ողջ ծավալով բացահայտվելու են. Հարություն Հարությունյան (Տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը այսօր կայացած համագումարի ժամանակ նշեց՝ պարտավոր ենք առերեսվել դառը իրականությանը, թե ինչպես է մեր պետականությունը գործող իշխանության պատճառով հայտնվել անդունդի եզրին։
«Ժողովրդավարության, արդարության և թալանի վերադարձման խոստումներով իշխանության եկած փոքրիկ խմբակը աստիճանաբար վերածվել է բռնապետության ու թալանի ապարատի։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պարզապես իշխանավարում չէ, այլ հետևողական հարձակում մեր տեսակի դեմ։ Մենք ականատես ենք լինում մեր ինքնության հիմնասյուների ոչնչացմանը, երբ թիրախավորվում են եկեղեցին, պատմությունը, լեզուն և այն ամենը, ինչը մեզ դարձնում է ազգ և պետություն։
Այս վարչախումբը, որը խոսում էր սիրո և համերաշխության մասին, այսօր չի վարանում կիրառել անհամաչափ ուժ քննադատողների նկատմամբ՝ փորձելով լռեցնել յուրաքանչյուր ազատ ձայն, որը համարձակվում է մատնանշել իր ձախողումները»,-ասաց նա։
Հարություն Հարությունյանը նաև ընգծեց՝ այս ամենը չի մոռացվելու, և իշխող խմբակի գործողությունները իշխանափոխությունից հետո ողջ ծավալով բացահայտվելու են։