.png)
Մեր անցյալը, մեր թափած արյունը, մեր պատմությունը բանակցության և սակարկման առարկա չեն. Իշխան Սաղաթելյան
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում մեկնարկեց ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Երթից առաջ ելույթով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով՝ չենք հրաժարվելու մեր իրավունքներից, որքան էլ գործող իշխանությունները ուրացման, նահանջի ու լռության քաղաքականություն վարեն։
«Հաշտ չենք այս իրավիճակին»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով՝ մենք ցեղասպանությունից հետո ոտքի կանգնած պետություն ենք և ժողովուրդ, ուրեմն կարող ենք և պարտավոր ենք շրջել այս ամոթի և խարանի էջը։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում ենք պահանջում ոչ միայն անցյալի, այլ նաև այսօրվա և ապագայի համար։ Եթե աշխարհը չի ճանաչում երեկվա ոճիրը, դրանով լեգիտիմություն է տալիս նոր ոճիրների։ Ցեղասպանության ուրացումը կանաչ լույս է նոր ցեղասպանության համար։ Հետևաբար, սատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նշանակում է սատարել և պաշտպանել մեր անվտանգությունը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա շեշտեց՝ պայքարը հայության իրավունքների համար շարունակվելու է, մեր անցյալը, մեր թափած արյունը, մեր պատմությունը բանակցության և սակարկման առարկա չեն։