.jpg)
Նորություն չէ, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի այս մոտեցմանը. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և թոռնիկների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։


«Ժողովրդի այս մեծ հոսքը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր վկայում է, որ ոչինչ մոռացված չէ և չի մոռացվելու երբեք»,- լրագրողների հետ զրույցում գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության փաստը մոռացության տալու փորձերին անդրադառնալով՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
«Ժողովուրդն իր կարծիքն ու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ արտահայտում է՝ այսպիսի մեծ հոսքով դեպի հուշահամալիր, և ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց.
«Նորություն չէ, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և շարունակելու է ժխտել։ Ես չեմ տեսնում, որ Թուրքիան իր քաղաքականությունը փոխելու է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի այս մոտեցմանը։ Մենք մե՛ր ճշմարտությունը ունենք, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է, մենք չպետք է հետ քաշվենք միայն նրա համար, որ Թուրքիան դա չի ընդունում։ Ուղղակի հետևողական պետք է լինենք»։
