ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական գրություն չի ստացել «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի հետ կապված
28/04/2026 12:31

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական գրություն չի ստացել «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի հետ կապված

ՀՀ ՍԱՏՄ-ն ՌԴ պատկան մարմիններից պաշտոնական որևէ գրություն չի ստացել «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքի հետ կապված: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ  համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը:

«Ըստ հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել:

Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Արդյունքները կհրապարակվեն»,- մանրամասնեցին ՍԱՏՄ-ից: 

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։  Արգելվել են 2026թ․ փետրվարի 17-ից մարտի 5-ի ամսաթվերով արտադրված ապրանքները՝ 338,000 շիշ։

Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որում գերատեսչությունը մատնանշել է ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելու կանխման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։