Գորիսը երեք կողմից փակված է․ Կարեն Լազարյանը՝ առաջադրման և Սյունիքի խնդիրների մասին
28/04/2026 16:27

Գորիսը երեք կողմից փակված է․ Կարեն Լազարյանը՝ առաջադրման և Սյունիքի խնդիրների մասին

Պարտքս եմ համարում ձեզ տեղեկացնել՝ «Միասնության թևեր» կուսակցության համագումարում առաջադրվել եմ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, գրել է «Միասնության թևերի» պատգամավորության թեկնածու Կարեն Լազարյանը։

«Կուսակցության այդ որոշումն ընկալում եմ իբրև գնահատանք՝ տարիներ շարունակ կրթության ոլորտում և Գորիսի հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես և տեղական ինքնակառավարման ոլորտում իմ համեստ գործունեության, ինչի համար երախտագիտությունս եմ հայտնում քաղաքական այդ ուժին և նրա առաջնորդ Արման Թաթոյանին։

Ինչո՞ւ հոժարությամբ համաձայնվեցի քաղաքական այդ ուժի նախընտրական ցուցակում ընդգրկվելու առաջարկությանը։

2020 թ․ կապիտուլյացիայից հետո Սյունիքի մարզը և հատկապես Գորիսի տարածաշրջանը հայտնվել են բազմաթիվ մարտահրավերների դեմ հանդիման։ Հաղորդակցության ուղիների երբեմնի բանուկ խաչմերուկ Գորիսը դարձել է երեք կողմից փականքված տարածաշրջան։

Մերձակա բարձունքներում հիմնավորված ադրբեջանական մարտական դիրքեր, հարյուրավոր հեկտար (եթե ոչ ավելի) օկուպացված տարածքներ, գյուղապահպանության ճգնաժամ, ժողովրդագրական սպառնալից վիճակ, բնակչության զբաղվածության և սոցիալական արդարության խնդիր, հանրության աննախադեպ մասնատվածություն․ ահա հիմնախնդիրների ոչ ամբողջական ցանկը, որ ծառացել է տարածաշրջանի առջև։

Եվ նախընտրական այս իրավիճակում չափազանց կարևոր է քաղաքական ուժերից յուրաքանչյուրի տեսլականը տարածաշրջանի լինելությանը սպառնացող նշված և մյուս վտանգներին դիմակայելու հարցում։

Ողջունելի է, որ հանրապետության մի շարք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ռացիոնալ և սթափ մոտեցումներ կան այդ ուղղությամբ։

Ողջամիտ և իրատեսական եմ համարում հատկապես «Միասնության թևեր» կուսակցության՝ մեր ազգային ընթացքի նոր ճանապարհի ընտրության վերաբերյալ առաջարկությունը, ինչն էլ պատճառ է, որ մասնակիցը դառնամ այդ ծրագրի կյանքի կոչմանը։

Կարևոր եմ համարել ու համարում քաղաքական այդ ուժի առաջնորդ Արման Թաթոյանի կերպարն ու վարքագիծը․ քաղաքական որևէ առևտրի կամ խաղի անխառն լինելու նախընթաց կենսագրություն, ինտելեկտուալ կարողություններ, իրականության հետ առերեսվելու քաջություն, սոցիալական արդարությունը վերականգնելու և պետական կարգն ու երկրի անվտանգային համակարգը զորացնելու անկեղծ ձգտում, հայոց պետականության հարատևության ճանապարհին Սյունիքի պատմական դերի ու նշանակության գիտակցում»,-գրել է Կարեն Լազարյանը։