.jpg)
Դպրոցում «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. ԿԳՄՍ-ն նախագիծ է ներկայացրել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի նախագծերը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից Aysor.am-ը տեղեկացավ, որ նախարարությունը պատրաստվում է 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով՝ այն ներդնելով 5-րդ դասարանից։
Նախարարության հիմնավորման մեջ ասվում է, որ «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակության վերլուծությունը ցույց է տվել, որ այն հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստության ձևավորմանը, մինչդեռ սահմանափակ չափով է ապահովում սովորողների կարողությունները արտակարգ իրավիճակներում գործելու, պետական, տեղեկատվական, անհատական և կոլեկտիվ անվտանգության հարցերում, ինչպես նաև առօրյա կյանքում հանդիպող ռիսկերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղություններով։
ԿԳՄՍՆ-ն պնդում է, որ հաշվի առնելով դա՝ նախատեսվում է ընդլայնել առարկայի ուսումնասիրման շրջանակը և 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով՝ այն ներդնելով 5-րդ դասարանից։
Ըստ նախարարության հիմնավորման՝ սա կապահովի արտակարգ իրավիճակներին (այդ թվում՝ բնական, տեխնածին, համաճարակային և ռազմական) արձագանքման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում։ Առարկայի գործնական բաղադրիչը նախատեսվում է խորացնել ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների շրջանակում։
Մյուս կողմից՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ անհամադրելիություններ, մասնավորապես՝ տարբեր առարկաների ծրագրերում նույն թեմատիկ միավորներին կամ հասկացություններին վերաբերող նյութի ժամանակագրական անհամընկնումներ (երբ տվյալ նյութը ոչ հիմնական առարկայում ուսուցանվում է ավելի վաղ, քան համապատասխան հիմնական առարկայում), ինչպես նաև տարբեր առարկաների շրջանակում նույնաբովանդակ նյութի կրկնություններ։ Առկա է նաև ուսումնական բովանդակության բեռնվածության անհամաչափություն, ինչը որոշ դեպքերում սահմանափակում է սովորողների կողմից հիմնական և առանցքային կարողությունների խորացված ձևավորումը։
Բացի այդ, ինչպես շեշտվում է ԿԳՄՍՆ-ի հիմնավորման մեջ, առանձին առարկաների բովանդակության մեջ բավարար չափով ընդգրկված չեն միջառարկայական կապերը և ժամանակակից հասարակական ու անվտանգության մարտահրավերներին վերաբերող բաղադրիչները։