.png)
Հայաստանի իշխանությունները բոլոր «կարմիր գծերը» արդեն հատել են, ուստի Զելենսկու այցը էական բան չի փոխի հայ-ռուսական հարաբերություններում. Արա Պողոսյան
Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գալու է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Երևանում։
Ինչպե՞ս կազդի Զելենսկու այցը հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Իշխանությունը կարո՞ղ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ հարաբերություններում պահել անհրաժեշտ բալանսը։
Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ Զելենսկու այցից առաջ էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի իշխանությունները բոլոր «կարմիր գծերը» արդեն հատել են։ Ինչ վերաբերում է գործող իշխանությունների հռչակած «բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը», ապա այն հեռու է այդպիսին լինելուց։
«Հայաստանի իշխանությունները հռչակել են, որ իրենք արտաքին քաղաքական կուրսը որդեգրել են որպես բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Ըստ էության, այս արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը հուշում է երկու շատ կարևոր սկզբունք՝ հավասար հեռավորություն բոլոր կենտրոններից և հավասար հարաբերություններ բոլոր կենտրոնների հետ։ Արդյոք այդպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դինամիկան. ես կարծում եմ՝ ոչ։ Արդյոք Ռուսաստանի Դաշնությունում կամ որևէ մայրաքաղաքում համարո՞ւմ են, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է բալանսավորման արտաքին քաղաքականություն. վստահ եմ, որ հատկապես դիվանագիտական նրբություններին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով պատկերացում ունի միջազգային հարաբերությունների հիմնային տեսությունների մասին, կասի, որ Հայաստանի Հանրապետությունը չի վարում բալանսավորման արտաքին քաղաքականություն»,- նշում է քաղաքագետը։
Զելենսկու՝ Հայաստան կատարելիք այցն էլ, ըստ Արա Պողոսյանի, արդեն չի կարող էական բան փոխել հայ-ռուսական հարաբերություններում, Հայաստանի գործող իշխանությունները որքանով «կարող էին»՝ այդ հարաբերությունները վատացրել են.
«Հայաստանի իշխանությունները ժամանակին առաջին դեմքի մակարդակով, իսկ հիմա արդեն՝ երկրորդ, երրորդ էշելոնի մակարդակով Ռուսաստանին մեղադրում են Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմների մեջ։ Եթե հայ ժողովրդին կարելի է համոզել, որ հիբրիդային պատերազմը տեղեկատվական հոսքերն են, ապա միջպետական հարաբերություններում հնարավոր չէ հիբրիդային պատերազմը ներկայացնել որպես պարզապես տեղեկատվական մանիպուլյացիաներ կամ տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով կատարվող գործողություններ։ Հիբրիդային պատերազմները բազմաբաղադրիչ են, ուղեկցվում են միաժամանակ տարբեր մակարդակներում՝ տնտեսություն, տեղեկատվություն, տեխնոլոգիաներ, գիտություն, պատմության, մշակույթ և, ի վերջո, ռազմական գործողություններ։ Այսինքն՝ հիբրիդային պատերազմը իր մեջ ներառում է պատերազմի բոլոր էլեմենտները, այդ թվում՝ մոդիֆիկացված էլեմենտներ։
Եվ հիմա, երբ Ռուսաստանին մեղադրում են այսպիսի ազդեցության մեջ, ապրիորի դա նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների համար թշնամի է։ Այսպիսի հայտարարություններ անելուց հետո, ես կարծում եմ, այլևս անօգուտ է մտահոգություն ունենալ, թե Զելենսկու այցը Հայաստան կարող է էական բան փոխել հայ-ռուսական հարաբերությունների մեջ»։
Քաղաքագետն ընգծում է՝ Ռուսաստանը վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ փոխում է իր ռազմավարությունը.
«Եթե նախկինում մենք ռեակտիվ արտաքին քաղաքականություն էինք նկատում՝ Հայաստանի իշխանությունները որևէ գործողություն էին կատարում, և Ռուսաստանից միանգամից դրա նկատմամբ պաշտոնական մակարդակում հնչում էր դատապարտում կամ ազդեցության որևէ ձև էր լինում, ապա այժմ մենք շատ ավելի փափուկ ձևերի ականատեսն ենք։ Սա վկայում է, որ Ռուսաստանի ռազմավարության մեջ որոշակի փոփոխություն կա։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է առավել երկարաժամկետ նպատակներ հետապնդելու և երկարաժամկետ ազդեցություն գործելու պատկերացմամբ»։