.jpg)
Պետք է կանգնեցնել Ադրբեջանի պահանջները և կառուցել ուժեղ երկիր. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
«Մենք մարդկանց չենք ուզում անուններ դնել, չենք ուզում ամբողջ օրը կռիվների մեջ լինել իրենց (գործող իշխանությունների-խմբ.) պես ու մոռանալ ժողովրդին։ Մեր փոփոխությունները վերաբերելու են անհատին, անհատի գրպանին և ընտանիքի բարեկեցությանը»,-Արթիկում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Իր ելույթում Կարապետյանը ընդգծել է՝ մեծ աշխատանք կա անելու, նաև ներկայացրել է այլընտրանքը, որը կարող է լինել։
«Ունենք այլընտրանք. առաջինը՝ ստեղծում ենք աշխատատեղեր, հզորացնում ենք մեր երկիրը, լուրջ հարաբերություններ ենք կառուցում հարևան երկրների հետ։ Երկրորդը՝ ծնկում ենք ու լսում ենք իրենց»։
Կարապետյանը հավելել է՝ Փաշինյանը չի կարողանում բանակցել Ալիևի հետ, փոխարենը ժողովրդին է մանիպուլացնում։
«Պարտված ղեկավարի աչքը վախեցրել են։ Ինքն այլևս չի կարողանում նրանց մերժել, հասկացել է, որ չի կարողանում պայմանավորվել, եկել է՝ ժողովրդին է փորձում համոզել։ Նրանց չի կարողանում համոզել, եկել է՝ մեզ է «համոզում»։
Այսօր կասի՝ «1000 հոգի» են (ադրբեջանցիներ՝ Հայաստանում-խմբ.), հետո կգտնի 2 հոգու, կասի՝ «իրենք ժամանակին ընկեր են եղել»։ Հետո նրանք կդառնան 5 000-ը, հետո՝ 10 000, 15 000… այդպես է Նախիջևանը դարձել Նախիջևան։ 80-100 տարի առաջ այնտեղ բնակչության մեծ մասը հայ էր, այսպես իբր ընկերություն են արել, հետո մի օր էլ տեսել ենք՝ մզկիթ կա, մենք էլ փոքրամասնություն ենք դարձել»։
Նարեկ Կարապետյանն ընգծել է՝ մեզ պետք չէ հակամարտություն, այլ պետք է կանգնեցնել Ադրբեջանի պահանջները և կառուցել ուժեղ երկիր։