.jpg)
Նիկոլա Տեսլա․ ֆիզիկոս, գյուտարար, ճարտարագետ
Նիկոլա Տեսլան ազգությամբ սերբ ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար և ճարտարագետ է։
Նա ծնվել է 1856թ․ հուլիսի 10-ին Ավստրո-Հունգարիայում և ապրել է Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում։ 1870 թվականին Տեսլան ժամանում է Կարլովաց, որտեղ գործում էր Բարձրագույն ռեալական դպրոց։ Հետագայում նա գրում է, որ էլեկտրականությամբ հետաքրքրվում է ու դա ֆիզիկայի պրոֆեսորի շնորհիվ է։ Նա հաջողություններ ուներ մաթեմատիկայից, կարողանում էր մտքում բարդ ինտեգրալներ հաշվել։
1875թ․ նա ընդունվում է Գրացի տեխնիկական բարձրագույն ուսումնարան,որտեղ ուսումնասիրում է էլեկտրատեխնիկա։
1878 թվականին Տեսլան լքում է Գրացը և խզում կապերն ընտանիքի հետ, որպեսզի թաքցնի ուսումը թողնելու փաստը։ 1879թ․ հոր մահից հետո նա սկսում է դասավանդել Գոսպիչի ռեալական գիմնազիայում։
1881 թվականին Տեսլան տեղափոխվում է Բուդապեշտ և սկսում է աշխատել տեղի հեռախոսակայանում, որպես գլխավոր էլեկտրիկ։ Այդ ընթացքում բարելավում է կայանի սարքավորումները։ Նա անընդհատ մտածում էր, թե ինչպես կարելի էր էլեկտրական շարժիչում օգտագործել մագնիսական պտտվող դաշտի երևույթը։ Բայց շուտով ստիպված հրաժեշտ է տալիս այդ ընկերությանը և տեղափոխվում է Փարիզ ու աշխատանքի ընդունվում Էդիսոնի ընկերությունում։
Հետաքրքիր է Էդիսոնի և Տեսլայի փոխհարաբերությունները՝ էդիսոնը սառնությամբ էր ընդունում Տեսլայի նորարարական գաղափարները,1885-ին նա Տեսլային խոստանում է 50000 դոլար, եթե վերջինս կարողանար բարելավել հաստատուն հոսանքով աշխատող էլեկտրական մեքենաները, որը Էդիսոնն էր նախագծել ու պատրաստել։ Տեսլան սկսում է աշխատել և շուտով ներկայացնում է Էդիսոնի մեքենաների 24 տարատեսակ՝ բավականին լավ պարամետրերով․․․
Գովաբանելով դրանք, Էդիսոնը Տեսլայի պարգևատրման մասին հարցին պատասխանում է, որ ներգաղթածը վատ է հասկանում ամերիկյան հումորը․․․
Հիասթափված Տեսլան ազատվում է աշխատանքից։
Բայց էդիսոնի ընկերությունում 1 տարի աշխատելով նա հռչակ է ձեռք բերում, աշխատելով մասնավորապես էլեկտրական աղեղի համակարգի արտոնագրմամբ։
1886թ․ Տեսլան հանդիպում է Ալֆրեդ Բրաունին և իրավաբան Չարլզ Պեկին։ Հիմնվելով Տեսլայի նոր գաղափարների վրա նրանք համաձայնվում են հովանավորել գյուտարարին և արտոնագրել նրա գյուտերը։
1887թվականի ապրիլին հիմնադրվում է «Տեսլա էլեքտրիք քոմփանի» ընկերությունը։
Նույն թվականին տեսլան մշակում է փոփոխական հոսանքով շարժիչը, որը արտոնագրվում է 1888-ին։
Նիկոլա Տեսլայի գյուտերը սկսում են օգտագործվել արտադրության ու արդյունաբերության մեջ։
Տեսլայի տուրբինը ինքնատիպ շարժիչ էր, որտեղ վառելիքի այրման շնորհիվ անիվները պտտվում էին։ Նման շարժիչում վառելիքի օգտագործման արդյունավետությունը մոտ 60 տոկոս էր ու դա մեծ ձեռքբերում էր։ Եթե դա համեմատենք ժամանակակից շարժիչների ցուցանիշների հետ, ապա այն 42 տոկոս է ․․․
Իր լաբորատորիայի հրդեհից առաջ Տեսլան զբաղվում էր ռադիոյի նախագծմամբ ու փորձում էր ռադիոազդանշանը հաղորդել 50 միլ/1 միլը հավասար է 0,0254 մմ/ հեռավորության վրա։
Մինչ նա հրդեհից հետո վերականգնում էր լաբորատորիան, իտալացի Մարկոնին և ռուս Պոպովը հայտնագործեցին ռադիոն։
Նեոնային լամպը կամ նեոնային կրակը, ինչպես այդ ժամանակ սիրում էին ասել Տեսլան հայտնագործել ու 1893 թվականին ցուցադրել է Չիկագոյի Համաշխարհային ցուցահանդեսում։
Նիագարայի ջրվեժի տրանսֆորմատորային ենթակայանը նախագծել ու պատրաստել է Տեսլան։ Պատմությունը ցույց տվեց, որ այդ բարդ համակարգը աշխատում է ինչպես ժամացույցը։
Ինդուկցիոն շարժիչը Տեսլայի մեծ գյուտերից էր։ Այդ շարժիչում օգտագործվում է էլեկտրամագնիս՝ պտույտների ստացման համար։ Այսօր նման շարժիչները աշխատում են փոշեկուլի, ֆենի ու տարբեր էլեկտրասարքերի մեջ։
Փոփոխական էլեկտրական հոսանք ստանալու գործում առաջնային ու որոշիչ էր Տեսլայի դերը։ Նշված ցուցահանդեսի կազմակերպիչները /և ոչ միայն նրանք/ նրանից գնել են փոփոխական հոսանքի ստեղծման հեղինակային արտոնագիրը և մոտ 150000 դոլարով լուծել են ցուցահանդեսի էլեկտրամատակարարման խնդիրը։
Ընդհանուր առմամբ, Տեսլայի անվամբ հայտնի են մոտ 700 գյուտեր և արտոնագրեր։ Դրանցից շատերը էականորեն ազդել ու փոխել են քաղաքակրթության կյանքը։ 19-րդ դարում մարդը հիմնականում /այն էլ սահմանափակ/ օգտվում էր հաստատուն էլեկտրական հոսանքից։ Փոփոխական հոսանքի մասին ինչ որ բաներ հայտնի էին, բայց նրա կիրառման տիրույթը խիստ սահմանափակ էր և դա այն պատճառով, որ չկար փոփոխական էլեկտրական հոսանքի արդյունավետ էլեկտրաշարժիչ։ Իր նորարարական աշխատանքներում մեծ գյուտարարը այդ խնդիրը լուծեց և 1888 թվականին դրա համար ստացավ ԱՄՆ-ի 7 արտոնագիր։
1895 թվականին Տեսլան նախագծեց առաջին հիդրոէլեկտրակայաններից մեկը, որը, ինչպես նշվեց, կառուցվեց Նիագարայի ջրվեժի վրա։ Մի տարի անց նա էլեկտրաֆիկացրեց Բուֆլո քաղաքը։
1898 թվականին Տեսլան էլեկտրատեխնիկայի ցուցահանդեսում ցուցադրեց ռադիոկառավարվող առաջին նավակը, որտեղ օգտագործեց նաև հայտնի կոհերերը։
Դեռևս 1887-ին նա իր հրապարակային դասախոսությունների ժամանակ ցուցադրում էր հստակ ռենտգենյան նկարներ։ Նկատենք, որ Վ․Ռենտգենի կողմից համանուն ճառագայթները հայտնագործվել են 1895-ին։
Նիկոլա Տեսլան այն եզակի գիտնական գյուտարարներից էր, ով ոչ միայն հայտնի էր իր ժամանակակիցներին, այլև ապրում էր ապագայով։ Նա բնության օրենքները բացահայտում և փորձում էր օգտագործել ի շահ մարդկության։ Մեծ գյուտարարը հավատում էր, որ էլեկտրական էներգիան մարդկության մեծ ձեռքբերումներից էր ու այն պետք է հասանելի լինի բոլորին։ Տեսլայի ստեղծագործ միտքը միավորում էր երևույթների խորը ըմբռնումը, ինժեներական հանճարը և ընդգծված ինտուիցիան։ Նրա պատկերացրած համակարգերից շատերը տասնամյակներով առաջ էին իր ապրած ժամանակից։
Կամո Աթայան