«Բերանս փակել էին, որ չգոռամ. խոշտանգման գործը տեղում դոփում է». Սամվել Վարդանյան (Տեսանյութ)
05/05/2026 18:42

«Բերանս փակել էին, որ չգոռամ. խոշտանգման գործը տեղում դոփում է». Սամվել Վարդանյան (Տեսանյութ)

«Խոշտանգման գործը տեղում դոփում է, որևէ առաջընթաց չկա, իմ գնահատմամբ համահանցակից ոստիկանները ոչ միայն չեն պատժվել, այլ մի բան էլ պաշտոնի բարձրացում ունեն»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղակտիվիստ Սամվել Վարդանյանը։

«Երկու տարի առաջ՝ ապրիլի 15-ին, ես ձերբակալվեցի՝ ընդամենը որպես քաղաքացի իմ ազատ խոսքն իրացնելու համար։ Ավտոբուսում հանդիպելով իշխանության ներկայացուցչին՝ հանրային պարսավանքի եմ ենթարկել։ Այո, գուցե կոշտ բառեր եմ օգտագործել, բայց ես պահպանել եմ համակեցության կանոնները՝ որևէ հայհոյանք չի հնչել, ֆիզիկական ներգործություն չի եղել։

Միջադեպից հետո ինձ տնից ձերբակալեցին, մի քանի ժամ Ոստիկանության կենտրոնի բաժնում պահելուց հետո տարան Քննչական կոմիտե, այստեղից հետո սկսվեց հոլիվուդյան սցենարով խոշտանգումը։ Դեռ գտնվելով Քննչական կոմիտեից դուրս գալու ճանապարհին, որը փակ տարածք է, սովորական քաղաքացիներ չեն կարող մտնել, շատ մութ վայրում ոստիկանները կանգնեցրին մեքենան, ապա իջան՝ միաժամանակ բնական կարիքները հոգալու։ Որպես գիտակից մարդ հասկացա, որ դա առնվազն նորմալ չէ։

Հանկարծ բացվեց մեքենայի աջ կողմի դուռը, մեկը փորձեց հայհոյախառն արտահայտություններ անելով՝ ինձ քաշել, այնուհետև միացավ երկրորդը, հետո տեսա երրրորդին։ Ես այդ ամբողջ ընթացքում ձեռնաշղթայված էի, երեք հոգով քարշ տվեցին խոտածածկ տարածք։ Հատկանշական է, որ երկու օր անց, երբ գնացինք այդ տարածք, բարձր խոտերը հարթված մնացել էին։ Դիմակավորված անձինք թեթև հարվածում էին, հայհոյանքներ հնչեցնում, թքում, ապա տաբատս իջեցրին, բերանս փակեցին, որ չգոռայի։ Պատկերացնու՞մ եք՝ ինչեր կարող էին մտքովս անցնել...

Երեք րոպե անց հետ գցեցին մեքենայի մեջ, շոկային վիճակում ծանր հևում էի, մի քանի վայրկյան հետո մոտեցան երկու ոստիակնները՝ այնպես, կարծես ոչինչ չի եղել, կարծես տեղյակ չեն՝ ինչ է տեղի ունեցել։

Եվ այս ֆիլմի սցենարը կատարվում էր ինձ հետ՝ իմ սեփական երկրում, իմ երկրի մայրաքաղաքում, երբ ես գտնվում էի ոստիկանների հսկողության ներքո»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
«Բերանս փակել էին, որ չգոռամ. խոշտանգման գործը տեղում դոփում է». Սամվել Վարդանյան (Տեսանյութ)