Կրեմլում ափսոսում են, որ Հայաստանը շարունակում է «երկու աթոռի վրա նստելու» փորձերը
07/05/2026 17:22

Կրեմլում ափսոսում են, որ Հայաստանը շարունակում է «երկու աթոռի վրա նստելու» փորձերը

Երևանը շարունակում է պահպանել «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Երևանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

«Ցավոք, Երևանում փորձում են նախկինի պես պահպանել «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը։ Ես չգիտեմ, թե որքան կարող է սա շարունակվել»,-լրագրողներին ասել է Ուշակովը։

Նա պատասխանել է «Ինտերֆաքս»-ի հարցին, թե Մոսկվայում ինչպե՞ս են ընկալել Երևանում անցկացված վերջին միջոցառումները, այդ թվում՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, և արդյոք Կրեմլում դա չեն դիտարկո՞ւմ որպես Ռուսաստանի հետ համագործակցության խզման ճանապարհ։

«Այս ամենը, իհարկե, վնասակար է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որոնք այդքան օգտակար են և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար։ Ես կասեի, որ դա ավելի օգտակար է մեր հայ ընկերների համար, քան նույնիսկ մեզ համար», - ասել է Ուշակովը։