.jpg)
«Ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ». Փաշինյանը՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշված է.
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու համար՝ հավելելով, որ մասնակից քաղաքական բոլոր ուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ։ Երկրի ղեկավարը կարևորել է ընտրություններին դիտորդական առաքելությունների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ դրա համար նույնպես բոլոր հնարավորություններն առկա են։ Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ 2018–ից ի վեր Հայաստանում ընտրություններն անցկացվել են ազատ, արդար, թափանցիկ և վստահություն հայտնել, որ առաջիկա ընտրությունները ևս կհամապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին։
Յանեժ Լենարչիչի խոսքով՝ ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով: Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան»: