.png)
«Գերիների վերադարձի խնդիրը դարձել է պատանդային քաղաքականության դիվանագիտության մաս». Սիրանուշ Սահակյան
Այսօր ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանը Բաքվից հայտարարություն է տարածել ՄԻՊ Անահիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ։ Երեկ էլ Բաքվի բանտից ՀՀ ՄԻՊ-ին դիմել էր Դավիթ Իշխանյանը։
Aysor.am-ի հետ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն, անդրադառնալով Դավիթ Իշխանյանի նամակին, նշեց՝ դատավճիռների տրամադրման հարցն առանցքային է։
«Ի թիվս այլ խախտումների՝ հենց այդ խնդիրը ևս բարձրաձայնվում է։ Այս հարցով դիմել են նաև ադրբեջանական ՄԻՊ-ին։ Սա կարող է դիտվել որպես հնարավորություն, որպեսզի Ադրբեջանի ՄԻՊ-ը, որը մշտապես քողարկել է հայերի հանդեպ կատարված բռնությունները, փորձի միջազգային հարթակում ցույց տալ, թե իր միջամտությամբ լուծվում են նաև հայերի խախտված իրավունքներին առնչվող հարցեր։ Կարծում եմ՝ ճիշտ գործելակերպի դեպքում նա պետք է շահագրգռված լինի ապահովելու այս իրավունքի իրացումը, հատկապես, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բոլոր դեպքերում Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ներկայացնել դատավճիռները։
Երբ դատարանը ստանում է նյութերը, հայկական կողմը անխուսափելիորեն հասանելիություն է ունենում դրանց։ Չտրամադրելը, կարծում եմ, միայն վատթարացնելու է Ադրբեջանի դիրքերը և ավելի հեշտացնելու է հետագա գործընթացները ՄԻԵԴ-ում»։
Սահակյանն ընգծում է՝ այնուամենայնիվ, առաջնային խնդիրը գերիների ազատ արձակումն է, որևէ այլ հարց չի կարող լինել ավելի հրատապ։
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ ապա այնտեղ հստակ ձևակերպում կա. ո՞վ է պատասխանատու Բաքվում գտնվող անձանց համար։
«Սա բավական նուրբ և մասնագիտական հարց է ՄԻՊ-ի մանդատի տեսանկյունից։ Հայաստանի ՄԻՊ-ը իրավասություն չունի քննարկելու Ադրբեջանի պետական մարմինների գործողությունները և, բնականաբար, իրավական սուբյեկտ չէ, որը կարող է պարտադիր առաջարկներ ներկայացնել Ադրբեջանի իշխանություններին։ Միաժամանակ հասկանալի է, որ գերությունում գտնվող մարդիկ առաջին հերթին դիմում են Մարդու իրավունքների պաշտպանին։ Առաջնային հասցեատերը այս դեպքում պետք է լինի Արտաքին գործերի նախարարությունը և ընդհանրապես՝ Հայաստանի գործադիր իշխանությունը, քանի որ հենց նրանց միջնորդությամբ է հնարավոր ապահովել քաղաքացիների հետ տեսակցությունները, այդ իրավունքը ամրագրված է Վիեննայի կոնվենցիաներով։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը, ըստ էության, հենց այդ հարցադրման մասին է՝ եթե ՄԻՊ-ը չէ, ապա ո՞ր պետական մարմինն է ստանձնում այս գործընթացների պատասխանատվությունը»։
Անդրադառնալով կարծիքներին, որ ընտրական գործընթացները կարող են ազդել գերիների վերադարձի գործընթացի վրա, Սահակյանը նշեց.
«Գերիների վերադարձը բազմագործոն ազդեցությունների ենթարկվող, միջպետական և ներքին բաղադրիչ ունեցող խնդիր է։ Ներկայումս էլ կան իրադարձություններ, որոնց համադրությունը կարող է ավելի բարենպաստ միջավայր ստեղծել՝ գերիների վերադարձի կամ այլ մարդասիրական առաքելությունների համար։
Գերիների վերադարձի խնդիրը քաղաքականացվել է արտաքին հարթակում և դարձել է պատանդային քաղաքականության դիվանագիտության մաս։ Այդ պատճառով խնդրի լուծումը հաճախ կապվում է որոշակի քաղաքական պահանջների բավարարման հետ։ Այդ պահանջները փոփոխական են, բայց ընդհանուր տրամաբանությունը այն է, որ բանակցային գործընթացում որոշակի պահանջների բավարարումը կարող է բերել առաջընթացի։
Միջազգային ներգրավվածությունը որոշակի չափով աջակցում է գործընթացին և բարձրացնում խնդրի տեսանելիությունը։ Ես չեմ համարում, որ ընտրությունները միակ կամ բացառիկ դոմինանտ գործոնն են, քանի որ եղել են վերադարձի դեպքեր նաև անկախ ընտրական գործընթացներից։ Հնարավոր է նաև, որ Ադրբեջանի համար ավելի մեծ նշանակություն ունեն այլ քաղաքական հարցեր, օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը, քան ընտրությունների արդյունքը։
Հարցին արտաքին խնդրի քաղաքականացումն է պատճառը, որ այն չի լուծվում միայն մարդասիրական տրամաբանության շրջանակում։ Գերիների ազատ արձակումը հաճախ կախված է քաղաքական դինամիկայից, որը կարող է կամ նպաստել, կամ դանդաղեցնել գործընթացը»։