.png)
Ինչ է ժամանակը
Բանական էակը միշտ էլ խորհել է «ժամանակ» եզրի մասին ու այն կարելի է համարել մարդկային կյանքի թերևս ամենահին և հետաքրքիր ու ամբողջովին չբացահայտված հարցերից մեկը, որը սակայն տարբեր ժամանակներում այնուհանդերձ ունեցել է և ունի տարբեր մեկնաբանություններ…
Ժամանակը ոչ թե միայն ու պարզապես ժամացույցի սլաքների շարժում է, այլ կեցության հիմնարար պայման, որի շնորհիվ կարողանում ենք տարբերակել պատճառը հետևանքից, ապրել անցյալի հիշողություններով և ապագայի ծրագրերով…
Մարդը ծնվում է, իր ապրած կյանքը տարիների գումար է, իսկ յուրաքանչյուր ապրած օրը մի մեծ դասացուցակ է՝ աշխատանք, ուսում, հանգիստ և այլն…
Բնության մեջ, մեզ շրջապատող աշխարհում ժամանակի ընթացքում տեղի է ունենում գիշեր-ցերեկ հերթափոխը, տարվա եղանակների փոփոխությունը և այլն…
Գիտության մեջ ժամանակի վերաբերյալ երկու համեմատաբար ընդունելի կարծիք կա: Առաջինի համաձայն ժամանակը տևողություն է, իսկ երկրորդը այն համարում է որպես օբյեկտների և պրոցեսների միջև հստակ հարաբերություններ:
Գոյաբանական իմաստով ժամանակը համարվում է իրականության հիմնարար կառուցվածք, որի միջով անցնում են ընթացող բոլոր երևույթները: Այն ուղեկցվում է անցյալի, ներկայի և ապագայի գաղափարներով:
Գոյութենական իմաստով ժամանակը մարդու մահկանացու լինելու հիմնական չափանիշն է՝ ծնվեցիր, ուրեմն արդեն մահկանացու ես…
Փիլիսոփայության մեջ ժամանակը ոչ միայն ակնթարթներ ու րոպեներ են այլ՝
- փոփոխության և զարգացման միջավայր,
- գոյության անհատական և ընդհանուր սահման,
- անցյալի հիշողության և ներկայով ապագայի սպասման գիտակցում:
Հայտնի շատ մարդիկ զբաղվել են ժամանակի խնդրով, մասնավորապես՝ Պլատոնը ժամանակը դիտարկում էր որպես հավերժության շարժվող պատկեր, Կանտը ժամանակը համարում էր մարդկային գիտակցության նախնական ձև, Հեգելը ժամանակը կապում էր զարգացման և դիալեկտիկայի հետ, Լայբնիցը ժամանակը համարում էր հարաբերականություն՝ իրադարձությունների միջև,Մինկովսկին ձևակերպեց քառաչափ տարածաժամանակային մոդելը, Պենռոուզը զբաղվել է ժամանակի ,,ուղղության,, և տիեզերական ժամանակի հարցերով:
Հավանաբար ճիշտ կլինի գիտականորեն ժամանակը սահմանել այսպես՝ դա այն մեծությունն է, որը նկարագրում է իրադարձությունների հաջորդականությունը, տևողությունը և փոփոխությունների ընթացքը: Այսինքն ժամանակը ցույց է տալիս, թե երբ է տեղի ունենում որևէ իրադարձություն, որքան է այն տևում և ինչ հերթականությամբ են տեղի ունենում երևույթները:
Այժմ փորձենք պարզաբանել թե «ժամանակ» եզրը ինչպես է պարզաբանվում ֆիզիկայում: Այստեղ ժամանակը պետք է դիտարկել մի քանի մոտեցումներով, որոնցից առաջինը վերաբերում է տվյալ եզրը որպես պարամետր դիտարկելը:
Դասական մեխանիկայում և հարաբերականության տեսության մեջ ժամանակը օգտագործվում է օբյեկտների շարժման տևողությունը, նրանց դիրքի փոփոխությունը նկարագրելու ու չափելու համար: Դրա շնորհիվ հնարավոր է դառնում համակարգերի դինամիկայի նկարագրումը և նրանց հետագա վարքի կանխատեսումը:
Հարաբերականության տեսության մեջ ժամանակը համարվում է հարաբերական հասկացություն, որը կարող է տարբեր դիտորդների տեսանկյունից ընթանալ տարբեր կերպ՝ կախված շարժման արագությունից և ձգողության դաշտից:
Քվանտային ֆիզիկայում /մեխանիկայում/ ժամանակը համարվում է այնպիսի պարամետր, որի շնորհիվ նկարագրվում է քվանտային համակարգի էվոլյուցիան:
Այնշտայնի հարաբերականության տեսության համաձայն՝ ժամանակը բոլորի համար միատեսակ չի հոսում, այլ այն կախված է թե ինչքան արագ է շարժվում դիտորդը, և որտեղ է գտնվում: Եթե դուք շարժվում եք մեծ արագությամբ, ապա ժամանակը ձեզ համար կարծես անցնում է ավելի դանդաղ՝ համեմատած այն մարդու ժամացույցի հետ ով կանգնած է տեղում:
Դա միաժամանակ ասում է այն մասին, որ մենք չունենք միատեսակ ժամացույցներ, որոնք տիեզերքի տարբեր կետերում ցույց կտան միևնույն ժամանակը՝ քանզի ժամանակը հարաբերական է: Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչ ենք ընդհանրապես չափում:
Հայտնի գիտնականներ Ս.Հոքինգը և Ռ.Պենռոուզը հետազոտել են ժամանակի բնույթը, այսպես կոչված, քվանտային գրավիտացիայի համատեքստում և հանգել եզրակացության, որ տարածությունն ու ժամանակը փոքր մասշտաբներում կարող է ունենալ քվանտային կառուցվածք, որն էլ նոր հնարավորություն կառաջացնի ժամանակ հասկացության առանձնահատկությունները բացահայտելու համար.
Դասական ֆիզիկան ասում է, որ ժամանակը բացարձակ է, հետևաբար անփոփոխ այն առումով, որ բոլոր ժամացույցները աշխատում են միատեսակ և բոլոր մարդիկ միատեսակ են ընկալում ժամանակը: Ժամային գոտիներով պայմանավորված ժամացույցների տարբեր ցուցմունքները կապ չունեն այս երևույթի հետ: Այստեղ մի կարևոր պահ էլ հաշվի առնենք, դա այն է, որ դասական ֆիզիկայի տեսանկյունից փողոցով առաջ կամ հետ, աջ կամ ձախ շարժումները ժամանակի առումով միատեսակ են նկարագրվում:
Այնշտայնի հարաբերականության տեսությունը ամբողջովին փոխում է մեր պատկերացումը ժամանակի մասին: Այդ տեսության համաձայն՝ ժամանակը հարաբերական է և կախված է այն բանից թե ով է չափում ժամանակը:
Ունենալով մեծ արագացումներ, կամ գտնվելով ուժեղ գրավիտացիոն դաշտում, օրինակ սև խոռոչի մերձակայքում կարելի է չափել ժամանակի հոսքի արագությունը, նույնիսկ կասեցնել նրա ընթացքը:
Ընդհանրապես գիտության օրենքները ոչ մի տարբերություն չեն դնում անցյալի և ապագայի միջև: Բոլոր սովորական վիճակներում նյութի վարքագիծը կառավարող գիտության օրենքներն անփոփոխ են մնում:
Կարելի է պնդել, որ ընդհանրապես ժամանակը փոփոխության չափն է: Օրինակ եթե մեր շրջապատում ոչինչ չփոխվեր, ապա ժամանակի գոյությունը նկատելը համարյա անհնարին կլիներ:
Ժամանակի չափման և օրացույցի խնդիրներին կանդրադառնանք առաջիկայում:
Կամո Աթայան