.jpg)
Փաշինյանը ջնջել է անմեղության կանխավարկածը. իրենց ամեն ինչ կարելի է, իսկ ընդդիմադիրներին «որսում» են. Իրավապաշտպան
Ես իշխանությունների, իրենց համակիրների կողմից տեսնում եմ հայտարարություններ, որոնցում անմեղության կանխավարկածը չի պահպանվում, դա եղավ նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի դեպքում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ջնջել է անմեղության կանխավարկածը՝ սկսած Բագրատ Սրբազանի գործից. «Նույնը Գոհար Ղումաշյանի դեպքում էր։ Այնպիսի աղմուկ են բարձրացնում, վերջնական դատավճիռ են կայացնում»։
Իրավապաշտպանը շեշտում է՝ ընտրությունների քարոզարշավն ընթանում է անհավասար պայքարում. «Փաշինյանը քաղցրավենիքներ է բաժանում։ Չգիտեմ՝ եթե նույն ընդդիմադիրները դա բաժանեին, ինչ կլիներ։ Ավինյանը տեսախցիկ է նվիրում։ Իրենց ամեն ինչ կարելի է։ Այն, ինչ իրենք են անում՝ կարելի է, իսկ ընդդիմադիրներին՝«որսում» են։
Ալեքսանյանը նշեց՝ նրանք միտումնավոր չեն խնայում նույնիսկ կերակրող մորը, այն էլ այն դեպքում, երբ մեղադրանքը չի հաստատվել. «Դա անում են՝ իբր թե արդարադատության հետևից են գնում։ Ծիծաղելի է խոսել այս օրերին Նիկոլ Փաշինյանի արդարադատության մասին։ Երևի իր ծիծաղն էլ է գալիս, երբ լսում է, որ ինքը կարող է արդարադատ լինել։ Ընդհանուր առմամբ, գնահատում եմ քարոզարշավի անհավասար պայքար։ Տեսնում ենք, թե ինչ միջոցներ են իշխանականները ծախսում քարոզարշավին, ինչ ճոխ քարոզարշավ են իրականացնում, դա ակնհայտ խոսում է անհավասար հնարավորությունների մասին»։
Անդրադառնալով Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանին՝ Ալեքսանյանը պնդեց, որ նրան պետք է պաշտոնից հեռացնեին դեռ Էջմիածնի դեպքերից հետո. «Նա, պարզապես, խուլիգան է, ինչպես կարող է համայնքապետ լինել։ Մենք տեսանք, թե Էջմիածնում նա իրեն ինչպես էր պահում՝ բացարձակ խուլիգանի լկտի կեցվածք։ Քանի որ դատախազությունը, իրավապահ մարմինները Նիկոլ Փաշինյանի անձնական տրամադրության տակ են, դրա համար նա այդպիսի ազատություն ունի՝ կուզենա կբաժանի ընտրակաշառք, չի ուզենա՝ չի բաժանի։ Ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի կոնտինգենտը հենց նման կարգի մարդիկ են, որոնք չեն պատժվում իրենց արարքների համար։ Եթե Գոհարի դեպքում չհաստատված մեղադրանքով ձերբակալում էին, այս լկտի պահվածքով համայնքապետին ամեն ինչ թույլատրելի է։ Եթե մենք հաշվի առնենք, որ Գառնիում մարդը Կաթողիկոսի գլուխը քարով էր ջարդում և իրեն օրինականության սիմվոլ հռչակած Գլխավոր դատախազը դրանում հանցակազմ չի տեսնում, ուրեմն՝ էլ ի՞նչ ասես։ Մենք ապրում ենք սարսափելի օրերում»։
Իրավապաշտպանը նշեց՝ 2018 թվականին մարդիկ չէին պատկերացնում, որ կհայտնվեն նման իրավիճակում. «Նիկոլ Փաշինյանը բոլորին խաբեց»։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ձերբակալել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին՝ մեղադրելով նրան «Բարեգործության մասին» օրենքը խախտելու մեջ։ Գոհարը հեռուստատույց էր խոստացել նվիրել տարեց կնոջը։
Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քարոզարշավի ընթացքում ֆոտոխցիկ նվիրեց մի աղջկա։ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է դեպքը։
Նշենք, որ երեկ էլ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի, թալինցիներին որպես սոցիալական աջակցություն ավելի քան 11 միլիոն դրամ բաժանած Տավրոս Սափեյանը չի խախտել բարեգործության արգելքը։