«Անկախ դիտորդ»-ը կբողոքարկի Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը. պնդում են՝ Տավրոս Սափեյանը խախտել է բարեգործության արգելքը
12/05/2026 12:56

«Անկախ դիտորդ»-ը կբողոքարկի Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը. պնդում են՝ Տավրոս Սափեյանը խախտել է բարեգործության արգելքը

Թալինցիներին որպես սոցիալական աջակցություն 11.5 միլիոն դրամ բաժանած Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը չի խախտել բարեգործության արգելքը, քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Այս մասին երեկ հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք բողոքարկելու են Հակակոռուպցիոն կոմիտեի այդ որոշումը. «Մենք կարծում ենք, որ նախընտրական ժամանակահատվածում որևէ գործողություն, որն ունի բարեգործության բովանդակություն և կարող է ազդել քաղաքացիների ընտրության վրա, անթույլատրելի է»։

Նրա խոսքով՝ սա էլ այդ դեպքերից է և կապ չունի, որ նա համայնքապետ է և դրանից բխող օգնություն է ցույց տվել. «Մենք, բնականաբար, բողոքարկելու ենք։ Պետք է տարբերակենք ընտրակաշառքը բարեգործությունից։ Բարեգործության արգելքը և ընտրակաշառք հանդիսացող գործողությունը բովանդակությամբ տարբեր են։ Նույն սկզբունքով՝ Տիգրան Ավինյանի մասով էլ ենք հաղորդում ներկայացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ պատասխան չի տվել, ասացին՝ ուսումնասիրում են։  Պաշտոնատար անձինք ունեն  սոցիալական աջակցություններ տրամադրելու լիազորություններ, սակայն նախընտրական ժամանակահատվածում իրենք պետք է զերծ մնան նման գործողություններից։

Եթե  Հակակոռուպցիոն կոմիտեն գնահատել է, որ դա բարեգործության մասին օրենքի խախտում չի դիտարկվում, դրա հետ մենք համաձայն չենք։ Այն, որ ընտրողական արդարադատության  խնդիր ունենք՝ միանշանակ է, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք գործողությունները, որոշումները բողոքարկելուց։ Իսկ թե ինչ արդյունքի կհասնենք՝ կանխատեսելը դժվար է»։

Հիշեցնենք՝ «Անկախ դիտորդն» ահազանգել էր, որ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը նախընտրական այս շրջանում խախտել է բարեգործության արգելքը՝ ավելի քան 11,5 միլիոն դրամի սոցիալական օգնություն տրամադրելով թալինցիներին։ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվել։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
«Անկախ դիտորդ»-ը կբողոքարկի Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը. պնդում են՝ Տավրոս Սափեյանը խախտել է բարեգործության արգելքը