.jpg)
«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
«Անդակո» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում (Երևան, Իսակովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշներ են վերցվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Համաձայն հետազոտության արդյունքների արձանագրության՝ «Աղցան Չերի ձիթապտղով» և «Աղցան Արև» արտադրատեսակների նմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus) ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, այսինքն՝ արտադրվում է վտանգավոր սննդամթերք:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ աղցանի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Աղցան Չերի ձիթապտղով» և «Աղցան Արև» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: «Անդակո» ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված աղցանները սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ»,-նշված է հաղորդագրության մեջ։