Մինչև 16 տարեկանների սոցցանցերի արգելքը տեխնիկապես դժվար կիրառելի է. Մեդիափորձագետ
14/05/2026 15:35

Մինչև 16 տարեկանների սոցցանցերի արգելքը տեխնիկապես դժվար կիրառելի է. Մեդիափորձագետ

 Վաղը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում կքննարկվի մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախագիծը։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագծին տեղյակ չէ և կարծում է, որ դա այդքան էլ լավ միտք չէ։  Նա կասկածի տակ է դնում դրա արդյունավետությունն ու կիրառելիությունը. «Չունեմ տեղեկատվություն, թե ՀՀ-ում մինչև 16 տարեկանների շրջանում քանի տոկոսն է օգտվում սոցցանցերից։ Մեծ հաշվով շատ երեխաներ, նույնիսկ իրենց ծնողների համաձայնությամբ, կեղծում են իրենց տարիքը  սոցցանցերում գրանցվելիս։ Այնպես որ, մենք իրականում օբյեկտիվ տվյալներ ո՛չ սոցցանցերից ենք ստանալու, ո՛չ էլ՝ տեխնիկապես հնարավոր է դա պատկերացնել։ Հետևաբար այստեղ  խնդիր է առաջանալու։ Օրենքը  կարգավորելու է մի բան, որը մենք ռեալ չենք կարողանալու չափենք։ Երկրորդը՝ բնականաբար այդպիսի հարթակներն արգելափակելու փորձերն ուղղակիորեն առնչվում են մյուս  բոլոր օգտատերերի իրավունքների հետ։ Որպեսզի դու սահմանափակես մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր, պետք է ինչ-որ մեխանիզմ սահմանես, որով ստուգես՝ նա 16 տարեկանից մեծ է, թե ոչ, նոր իրեն թողնես մուտք գործի։ Ենթադրենք, պետք է  պահանջես փաստաթուղթ ներբեռնել։ Ստացվում է, որ այս խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կլինի, որ  կառավարությունն օրենք ընդունի, կապվի սոցցանցերի հետ և իրենց պահանջն ասի՝ օրինակ ՀՀ-ից գրանցվող օգտատերերից պահանջել պարտադիր փաստաթուղթ»։

 Ըստ մեդիափորձագետի՝ սա անհեթեթություն է դառնալու և ազդելու է մյուս մարդկանց վրա, մարդիկ օրինակ ֆեյսբուք մուտք գործելու համար ստիպված կլինեն փաստաթուղթ ներբեռնել և ավելորդ  խնդիրներ է առաջացնելու։ Օրինակ՝ ինչպե՞ս են պարզելու՝ ես 16 տարեկան եմ, թե չէ։ Այդ կերպ դժվարանալու  է մյուս մարդկանց մուտքը սոցցանցեր և դա կարող է խնդիրներ առաջացնել խոսքի ազատության հետ։ Այս խնդիրը մյուս երկրներում էլ լուծված չէ։ Օրինակ Ավստրալիան այն երկրներից մեկն է, որը վերջերս այդպիսի կարգավորում գործարկեց։  Իրականում ավստրալիական փորձով թվում է, թե ինչ որ իմաստ այդ ամենում կա, քանի որ  երեխաների ուղեղը ձևավորման փուլում է, ենթադրվում է, որ իրենք ինքնուրույն չեն կարող որոշել, որ արդեն կարող են  օգտվել սոցցանցերից, իսկ դրանք էլ պատրաստված են հոգեբանական այնպիսի հնարքներով, որ մարդուն անընդհատ գամված են պահում սոցցանցերից, գուցե իմաստ ունի սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր։

Սակայն դա իրականում պետք է լինի ծնողների պարտականությունը և ուսուցիչների, սակայն դա չպետք է անել տեխնիկական միջոցներով։ Դա նույնն է, որ երեխաները փողոցով անցնելիս կարող են մեքենայի տակ ընկնել և դրա համար նրանց արգելեք փողոցով անցնել։ Այստեղ դաստիարակություն է պետք, կրթություն պետք է լինի և դրան պետք է հասնել ծնողավարական միջոցներով։ Իսկ եթե տեխնիկական միջոց չի կիրառվելու այդ նախագիծը կյանքի կոչելու համար, հասկանալի չէ, թե ինչպես են դրան հասնելու»։

 

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Մինչև 16 տարեկանների սոցցանցերի արգելքը տեխնիկապես դժվար կիրառելի է. Մեդիափորձագետ