.jpg)
Պատգամավորի 45 թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել
ԿԸՀ-ից հայտնում են՝ պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել.
«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության, «Բոլորին դեմ եմ» կուսակցության, «Լուսավոր Հայաստան» կուսակցության, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության, «Այլանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 45 թեկնածուներ։
Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։
ԿԸՀ-ն մերժել է մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմումը, քանի որ այն նոտարական կարգով վավերացված չի եղել, թեկնածուն էլ չի ներկայացել նիստին։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել:
Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար։
Հանձնաժողովը նաև նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 15, թիվ 19, թիվ 29 ԸԸՀ-ների մեկական թափուր պաշտոնները»։