Վկաները դատարանում հայտարարեցին՝ Խաչիկ Գալստյանին չեն ճանաչում. Արսեն Բաբայան (Տեսանյութ)
14/05/2026 15:53

Վկաները դատարանում հայտարարեցին՝ Խաչիկ Գալստյանին չեն ճանաչում. Արսեն Բաբայան (Տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործով նիստում հարցաքննվեցին վկաները, սակայն դատարանը չթույլատրեց ուղիղ եթերի հեռարձակումը: Խաչիկ Գալստյանի գործով նիստում հարցաքննվեց վկաներից Ռուզաննա Թոսունյանը: Նա հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ: Երկրորդ վկա Ազնիվ Ղուկասյանը նույնպես հրաժարվեց ցուցմունք տալ և հարցերի պատասխանել:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանն ասաց, որ վկաները հայտարարել են, որ Խաչիկ Գալստյանին չեն ճանաչում:

«Առաջին վկան ասաց, որ Խաչիկ Գալստյանը և Արամ Քոչարյանը որևէ հանցավոր արարք չեն արել: Երկրորդ վկան հրաժարվեց ցուցմունք տալ, բայց ես միջնորդեցի որպեսզի հրապարակվի հարցաքննության տեսաձայնագրությունը: Այնտեղ կան հանգամանքներ ճնշման մթնոլորտի հետ կապված, որն ինձ համար տեսանելի է»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ, Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի, որը երկարաձգվել է 3 ամսով: