Ճնշում են գործադրում տնօրենների, ուսուցիչների նկատմամբ. Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել (Տեսանյութ)
15/05/2026 17:37

Ճնշում են գործադրում տնօրենների, ուսուցիչների նկատմամբ. Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել (Տեսանյութ)

«Միասնության թևեր» կուսակցությունն ընտրություններին ընդառաջ «Թեժ գիծ» է գործարկել։

Լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության նախագահ Արման Թաթոյանն ասաց, թե թեժ գիծը գործարկել են այն պահից սկսած, երբ մարդկանց վախեցնելու դեպքերը դարձել են համատարած։

Թաթոյանը հրապարակեց ձայնագրություն, որտեղ մի կին ասում է, թե պետք է անպայման գնալ հրապարակ՝ համերգի։

«Այս կինը դասախոս է, Արմավիրի ՔՊ կուսակցության ավագանու անդամ, ու նաև ձեռքի հետ էլ զբաղվում է հանցավոր գործունեությամբ։ Ձայնագրությունը ցույց է տալիս, որ գործ ունենք մեծ հանցավոր սխեմայի հետ, որը նպատակ ունի մեր քաղաքացիներին հարկադրել մասնակցել իշխող քաղաքական կուսակցության հավաքներին։ Այստեղ տեղի է ունենում պետական ռեսուրսի բացահայտ չարաշահում»,-ասաց Թաթոյանը։

Նա ասաց, թե ճնշում են գործադրում տնօրենների, ուսուցիչների նկատմամբ, հետո «չոր» դուրս գալու համար իբր ծառայողական քննություններ են նշանակում։

«Այս ձայնագրությունը նշանակում է, որ կրթական հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցները ուղիղ ներգրավված են հանցավոր պրոցեսի մեջ»,-ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս համակարգը նույնն է՝ ինչ նախկինում էր.

«Մեկ տարբերություն կա. «խաղաղության», «ժողովրդավարության», սրտիկների ու պաչիկների լոզունգների ներքո ու պերաշկի ուտելով։ Սա է մեր այսօրվա նախընտրական քարոզարշավը»։