.jpg)
Գիտությունը դպրոցին մոտեցնելու գործուն ուղիներից մեկի մասին
Վերջին շրջանում բավականին խոսվում է գիտությունը դպրոցին հնարավորինս մոտեցնելու, դեռևս դպրոցական նստարանից սովորողներին դեպի գիտություն ուղղորդելու, աշակերտական գիտական ընկերություն կամ ակումբ հիմնադրելու և գիտական փառատոների կազմակերպման մասին։
Ինչպես ցույց է տալիս փորձը, դպրոցական գիտության կազմակերպման ու զարգացման համար էական դեր կարող է կատարել գիտական հատուկ կազմավորված խմբերի անդամների նպատակային ու պարբերաբար այցելությունները դպրոցներ, այդ ընթացքում գիտության օրերի կազմակերպում, գիտնականների հետ հանդիպումներ ու նրանց կողմից դասերի և առարկայական մրցույթների կազմակերպում, հանդիպումներ առարկայագետ ուսուցիչների հետ և այլն։
Որպեսզի խոսակցությունը առարկայական ու հնարավորինս կոնկրետ և ուսանելի լինի, փորձեմ հակիրճ ներկայացնել վերջերս կազմակերպված նման միջոցառման բովանդակությունը։
Շիրակի մարզի Նոր Կյանքի դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանի հետ պայմանավորվեցինք մայիսի 8-ին դպրոցում «Ֆիզիկայի օր» կազմակերպելու համար։ Ֆիզիկոս Հայկ Սարգսյանի հետ որոշեցինք մեր կողմից ներկայացվող զեկույցների թեմաները։ Մասնավորապես Հ․Սարգսյանը որոշեց զեկուցել «Կախարդական բյուրեղը», որի շնորհիվ «Վիկինգները հայտնաբերեցին Ամերիկան» թեմայով հետաքրքիր գիտահանրամատչելի զեկույցը։
Կազմվեց «Ֆիզիկայի օր» միջոցառման ծրագիրը, որտեղ բացի զեկուցումներից տեղ գտան նաև ֆիզիկայից ցուցադրված պարզ ու հետաքրքիր փորձերի բացատրությամբ ինտերակտիվ վիկտորինան, ինչպես նաև Նոր կյանքի դպրոցականների ու ուսուցիչների ուժերով կազմակերպված «Ֆիզիկներ և լիրիկներ» հետաքրքիր բանավեճային միջոցառումը։
Զ․Պետրոսյանը կարողացավ կարճ ժամանակում միջոցառմանը տալ միջդպրոցական բնույթ՝ ներառելով հարակից դպրոցների աշակերտներից ձևավորված պատանի ֆիզիկոսների թիմեր։ Արդյունքում միջոցառմանը մասնակցեցին 9 դպրոցական թիմեր՝ մոտ 70 աշակերտների ընդգրկմամբ։ Միջոցառումը սկսվեց կահավորված դպրոցական դահլիճում, և ինչպես դպրոցի տնօրենը նշեց, որպեսզի նեղվածք չլինի մյուս անգամ դահլիճում ավելի մեծ տարածք պետք է հատկացնել թիմերին․․․
Մի ամբողջ օր զարմանահրաշ ֆիզիկան թևածում էր դպրոցում՝ զեկուցումների, հետաքրքիր փորձերի, ֆիզիկական բովանդակությամբ ինտերակտիվ միջոցառումների, հետաքրքիր մշակութային ներկայացումների տեսքով։
Աշակերտների կողմից ներկայացված պատասխանները գնահատում էր ստեղծված անկախ հանձնախումբը, որի անդամներն էին այն դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները, որոնք թիմեր չեն ներկայացրել միջոցառմանը։
Ֆիզիկայի զարմանահրաշ լինելը ներկայացնելու համար, այդ օրը ջանք ու եռանդ չխնայվեց այն առօրյա կյանքի, տեսանելի երևույթների հետ կապելու համար։ Ե՛վ գիտնականները, և՛ սովորողներն ու վիկտորինայի մասնակիցները ուզում էին ցույց տալ, որ ֆիզիկան ամենուր է՝ տանը, փողոցում, շրջապատող աշխարհում, որ մեծագույն հաճույք է բացատրել ծիածանի առաջացումը, հայելիների աշխատանքը, մարդու տեսողության մեխանիզմը, ինչպես նաև ցուցադրել, թե ինչպես է աշխատում կողմնացույցը մագնիսական դաշտի ազդեցությամբ, ինչ օրենքների հենքի վրա է աշխատում երաժշտական այս կամ այն գործիքը։
Ֆիզիկայի օրենքները գործողության մեջ տեսնելը՝ ստատիկ էլեկտրականության հրաշագեղ փորձեր, մթնոլորտային ճնշմամբ բացատրվող տարատեսակ ու առօրյա երևույթներ․․․
Հընթացս ֆիզիկան փորձել կապել աստղագիտության, կենսաբանության ու արվեստի հետ, պարզաբանել թե ինչու է երկինքը կապույտ, ինչպես ենք քայլում ընդհանրապես, մասնակիցների գիտակցությանը հասցնել այն ճշմարտությունը, որ առանց ֆիզիկայի անհնարին կլիներ տեխնիկան, տեխնոլոգիաները, մասնավորապես համակարգիչը, համացանցը, հեռախոսները և այլն։
Ուսանելի միջոցառման վերջում բոլոր մասնակիցները պարգևատրվեցին «Բնագետ» հանդեսի տարբեր տարիների համարներով, իսկ հաղթողները նաև գիտահանրամատչելի գրականությամբ։
Մեզ համար ուրախալի էր տեսնել ու համոզվել, որ Նոր Կյանքի դպրոցը ժամանակակից, կրթության համար անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորություններ ունեցող բարեկարգ, ներքին կարգ ու կանոնով առաջնորդվող, մի խոսքով 21-րդ դարի հանրակրթական հաստատություն է, որտեղ ստեղծագործ միտք ու կազմակերպական ջիղ ունեցող տնօրենի ղեկավարությամբ աշխատում են իրենց գործին նվիրված ուսուցիչներ։
Կրկին անգամ համոզվեցինք, որ ցանկալի է, ու արդյունավետ կլինի գիտնականներից կազմավորել խմբեր և նպատակային նրանց գործուղել դպրոցներ՝ այնտեղ կազմակերպելով կամ ընդհանուր «գիտության օրեր» կամ էլ կոնկրետ ուշադրությունը սևեռել բնագիտությանը, պատմությանը, տեխնոլոգիաներին, մշակույթին։
Նման միջոցառումները տալիս են նկատելի արդյունք, նախ՝ սովորողների հետագա մասնագիտության ընտրության առումով դրանք լավ ցուցանիշներ են գրանցում, երկրորդ՝ նման միջոցառումները անկասկած ունեն նաև համընդհանուր և զարգացողական բնույթ։
Անկասկած նման միջոցառումները էպիզոդիկ բնույթ չպետք է կրեն, և տվյալ դեպքում հնչեցին կոնկրետ առաջարկություններ, ինչպես վերոնշյալ ձևաչափով առաջիկայում կազմակերպել ավելի ընդգրկուն միջոցառում, այնպես էլ միտք առաջացավ փորձել այս կրթօջախում կազմակերպել բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում․ «Հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական հերթական գիտաժողովի աշխատանքները։
Նման մոտեցումներով կարելի է լուծել շատ խնդիրներ, մասնավորապես սովորողների մեջ հետաքրքրություններ առաջացնել դեպի գիտությունը, բարձրացնել դասավանդող ուսուցիչների գիտամեթոդական ու մանկավարժական հմտությունների մակարդակը, զարգացնել գիտություն-կրթություն կապը, ինչպես նաև միջդպրոցական համագործակցությունը։
Կամո Աթայան