.jpg)
ՀՀ վարչապետի սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ, գրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ:
Նշենք, որ տարածվել է տեսանյութ, որտեղ դիմակավորված և զինված անձինք սպառնում են Փաշինյանին՝ նշելով, որ գիտեն, թե նա որ փողոցներով է քայլում: Վերջինս այսօր անդրադարձել է տեսանյութին՝ ասելով. «Ղարաբաղի ակցենտով մասկավորվածներ, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից: Հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգա… Չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղը»: