.jpg)
Քարոզարշավին մեծ ագրեսիա է գեներացվում, որից հիասթափվում և խառնաշփոթի մեջ է ընկնում քաղաքացին. դա կազդի ընտրության մասնակցության վրա. Հոգեբան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հունից դուրս եկավ, բղավեց նրանց վրա։ Սպառնաց, որ քաղաքական մյուս ուժերի ղեկավարներին բանտ է նստեցնելու, իր խոսքով՝ «սատկացնելու» է։
Առաջին դեպքը չէ, որ Փաշինյանը նման կերպ է արձագանքում իր գաղափարները չկրող քաղաքացիներին։
Քարոզարշավը լի է վիրավորանքներով։
Օրեր առաջ էլ Ռոբերտ Քոչարյանը, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, ասել էր․«Ա՛յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության դեմ»։
Նույն բառապաշարով էլ Փաշինյանն արձագանքել էր նրան։
Հոգեբան Անի Ապիտոնյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ քարոզարշավին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է պահպանեն երկխոսության սահմանները, քաղաքակրթության կանոնները։ Այստեղ նա կարևորում է իշխանության դերը. «Իշխանությունը, էլիտան է պատասխանատու այդ ամենի համար, քանի որ նրանք պատասխանատվություն են վերցրել երկրում կարգ ու կանոնի համար»։
Նա նշեց, որ այդ վարքագծով գեներացվում է ագրեսիա և այդ խառնաշփոթից ավելի է հոգնում ու հիասթափվում քաղաքացին. «Սա քաղաքացուն ավելի է ճնշում, հիասթափեցնում, ինչու չէ, նաև՝ ագրեսիվացնում։ Սա բացասական կերպով է անդրադառնալու ընտրության մասնակցության վրա, դրանով նաև ազդելով ընտրական ելքի վրա»։
Հնարավո՞ր է, որ հենց դրա համար էլ անում են, որպեսզի քիչ մարդիկ մասնակցեն ընտրությանը՝ հոգեբանը արձագանքեց. «Հնարավոր է, ինչո՞ւ ոչ։ Դա էլ որոշակի տեխնոլոգիա է, որը կարող են կիրառել։ Դրա համար, եթե մարդիկ իսկապես փոփոխություն են ուզում, պետք է անպայման մասնակցեն ընտրություններին, մասնակցության բարձր տոկոս գրանցվի։ Որքան շատ մարդ գնա ընտրության, այդքան փոփոխություններն ավելի ակնառու են դառնալու։ Այսինքն՝ այն նարատիվները, որ «մեկա բան չի փոխվելու, գնամ ինչ անեմ», «իմ ձայնը ինչ կտա»՝ շատ սխալ է։ Շատ լավ է, որ կան նախաձեռնություններ, որոնք մարդկանց խրախուսում են գնալ ընտրության և բացատրում են, թե ինչի համար է կարևոր մեծ թվով մասնակցությունը»։
Նրա խոսքով՝ քարոզարշավի ժամանակ մեծ ագրեսիա է գեներացվում. «Ժամանակը եկել է, որպեսզի քաղաքացին իր խոսքն ասի՝ ցանկանո՞ւմ է այդ ագրեսիան շարունակվի, թե՞ ոչ»։