.png)
Վարորդական իրավունքից զրկված բոլոր վարորդներին վկայականները վերադարձնելը ճիշտ չէ. Տիգրան Քեյան
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոստացավ վարորդական իրավունքի վկայականը առանց քննության վերադարձնել՝ որոշակի պայմաններով։
Aysor.am-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ այս որոշմանը հստակ գնահատական տալու համար որոշակի մանրամասների պետք է տիրապետել, որոնք դեռևս հայտնի չեն։
«Եթե խոսքը գնում է այն մասին, որ առանց բացառության վարորդական իրավունքից զրկված բոլոր վարորդներին պետք է վերադարձվեն վարորդական վկայականները, ապա ես դա ճիշտ մոտեցում չեմ համարում և այստեղ որևէ դրական կողմ դժվար է տեսնել։
Բայց եթե հարցը բազմակողմանի ուսումնասիրվի, հասկանան՝ որ դեպքում ինչ մոտեցում պետք է ցուցաբերվի, և դրա հիման վրա ձևավորվի համապատասխան օրենսդրական նախագիծ, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի հստակ կարծիք հայտնել՝ դրական կամ բացասական կողմերի վերաբերյալ»,-ասաց Քեյանը։
Նրա խոսքով՝ սխալ կլինի վկայականները վերադարձնել բոլոր վարորդներին՝ անկախ նրանից, թե ինչ իրավիճակում և ինչ պատճառով են զրկվել վարորդական իրավունքից։
«Այս պահին ես չգիտեմ, թե կառավարությունը ինչ նախագիծ է պատրաստում և ինչ մեխանիզմներ են նախատեսվելու, որպեսզի կարողանամ ամբողջական դիրքորոշում արտահայտել։
Միաժամանակ, կարծում եմ՝ կան իրավիճակներ, երբ մարդկանց ընդհանրապես պետք չէր զրկել վարորդական իրավունքից։ Կան նաև տարբեր իրավաբանների տեսակետներ, որոնց մի մասի հետ ես համաձայն եմ։ Օրինակ՝ եթե մարդը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով սահմանափակվել է նրա մասնակցությունը երթևեկությանը՝ որպես վարորդ, ապա դա արդեն իսկ որոշակի պատիժ է։ Այսինքն՝ ես միշտ չէ, որ ճիշտ եմ համարում մարդուց վարորդական իրավունքը պարզապես հետ վերցնելը»։
Դիտարկամանը, որ այդ մարդիկ ունեն քննություն հանձնելու և վկայականը վերականգնելու հնարավորություն, Քեյանը արձագանքեց.
«Իրականում դա այնքան էլ հեշտ չէ։ Շատ մարդիկ դժվարանում են տեսական քննության հենց առաջին իսկ հարցերին պատասխանել, օրինակ, գունակուրություն ունենալու պատճառով, ինչը առողջական խնդիր է»։
Տիգրան Քեյանի կարծիքով՝ կան մարդիկ, ովքեր և՛ հրաշալի վարել գիտեն, և՛ տիրապետում են տեսական գիտելքիների, բայց կարող են ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ չկարողանալ հանձնել քննությունը։
«Այստեղ կարևոր է հասկանալ նաև, թե ինչ հանգամանքներում և ինչ պատճառներով է մարդը հայտնվել այն իրավիճակում, որի հետևանքով զրկվել է վարորդական իրավունքից»։
Հիշեցնենք, որ ըստ ՆԳՆ տվյալների՝ միայն 2025 թվականին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ։ Զրկվածների ճնշող մեծամասնության՝ 90,1 տոկոսի դեպքում պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ մեքենա վարելը։