Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելը կլինի շատ ավելի դժվար, գուցե` անհնար. Մհեր Մկրտչյան
18/05/2026 13:37

Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելը կլինի շատ ավելի դժվար, գուցե` անհնար. Մհեր Մկրտչյան

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել էր մշակույթի մի խումբ գործիչների, ովքեր այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ընդգծել էր՝ եկեղեցին, անկախ դժվարություններից, իրականացնելու է իր ծառայությունն ազգին ու հայրենիքին։

Ամենայն Հայոց Հայրապետին հանդիպած մշակույթի գործիչների թվում էր նաև ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ով Aysor.am-ի հետ զրույցում նշեց՝ այս իշխանությունն ուզում է արժեզրկել հայ ազգի ամենակարևոր հիմնասյունը` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, իսկ իրենք գնացել էին հանդիպման՝ ասելու՝ Վեհափառի ու եկեղեցու կողքին են։

-Մայիսի 16-ին մշակույթի մի խումբ գործիչներ հանդիպել էին Ամենայն Հայոց Հայրապետին, որոնց թվում նաև Դուք էիք։ Նախաձեռնությունը գործիչներինն է եղե՞լ, եթե այո՝ ինչպե՞ս որոշվեց, ո՞րն էր նպատակը։

-Տամ ամենակարճ, բայց պարզ պատասխանը: Նպատակը` լինել եկեղեցու և Վեհափառի կողքին: Լինել բաց, հանրային:

-Այս օրերին մեր եկեղեցին փորձությունների միջով է անցնում, ՀՀ իշխանությունները հետապնդում են հոգևորականներին, ի՞նչ եք կարծում, ի վերջո, ո՞րն է այս ամենի նպատակը, Դուք հավատո՞ւմ եք «բարենորոգում» ասվածին։

-Այս ամենի նպատակը, իմ կարծիքով, արժեզրկելն է հայ ազգի ամենակարևոր հիմնասյունը` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: «Բարենորոգում» բառը այս կոնտեքստում վատ բառ է: Իհարկե, չեմ հավատում:

-Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումն ի՞նչ տվեց Ձեզ, արդյոք մեր եկեղեցին կհաղթահարի՞  փորձությունները։

- Չեմ ուզում տալ պաթետիկ պատասխան: Դեռ կհաղթահարի: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, դիմակայելը կլինի շատ ավելի դժվար, գուցե՝ անհնար:

-Ի՞նչ եք կարծում՝ իսկ ինչո՞ւ են լուռ մշակույթի այլ գործիչներ, ընդհանրապես, շատ-շատերն անտարբեր եղան այն ամենին, ինչ կատարվեց մեր Սուրբ եկեղեցու հետ ու դեռ կատարվում է։ Անտարբերությո՞ւն է, թե՞ վախ, որ իրենք էլ են հետապնդվելու։

-Ցավոք, այս հարցին պատասխանելուց ստիպված եմ անդադար կրկնվել: Մեկի մոտ դա վախի հետևանք է, մյուսի մոտ՝ շահ: Կարևորը, որ մշակույթում կան բավականին մարդիկ, որոնք չեն լռում:

Հեղինակ`Անի Վարդանյան
Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելը կլինի շատ ավելի դժվար, գուցե` անհնար. Մհեր Մկրտչյան