.jpg)
Մենք ուզում ենք մեր երկրին որակական փոփոխություն բերել. Նարեկ Կարապետյան
«Մենք ուզում ենք մեր երկրին որակական փոփոխություն բերել»,- Վեդիում քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«2018 թվականին Փաշինյանը հեղափոխություն արեց, գեղեցիկ խոսքեր ասաց ձեզ, բայց հեղափոխության արդյունքում միայն իրենք հարստացան։ Հեղափոխության արդյունքում Հայաստանում աղքատության թիվը չնվազեց, միայն մի փոքրիկ խմբակ սկսեց լավ ապրել, բայց մեր ժողովրդի նշանակալի մասը՝ 650 հազար մարդ, հացի խնդիր ունի։ Ես չեմ ասում, իրենք են ասում՝ իրենց տվյալներով»։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ իշխանությունը խոսում է «Ակադեմիական քաղաք» կառուցելու մասին, մինչդեռ արդեն իսկ ունենք գիտական հրաշալի կենտրոններ։
«Միլիարդավոր դոլարներ ուզում են ծախսել, իբր «Ակադեմիական քաղաք» կառուցեն... Դու գնա գործարաններ կառուցիր քո երկրի համար, գնա այնպես արա, որ գյուղացու մթերքը վաճառք ունենա, ոչ թե գյուղացին մթերքը հավաքելուց առաջ սկսի մտածել՝ ոնց է վաճառելու։
Ինչո՞վ է զբաղվել այս իշխանությունը։ Մի քանի բանով՝ շատ ֆեյսբուքյան ուղիղ եթերներ են արել, շատ մեկնաբանությունների պատասխանել են, ցույց են տվել, թե կապի մեջ են ժողովրդի հետ, բայց իրական կապ չի եղել։ Մեր քաղաքները այս 8 տարվա ընթացքում պետք է հեղափոխական փոփոխություն ապրեին, ինչը չի եղել»։
Կարապետյանը հավելել է՝ երկրին տնտեսագիտական մոտեցում է պետք, կենսաթոշակի ավելացումն ու գնաճը համեմատության եզր չունեն։
«Դուք ինքներդ կարող եք տեսնել, թե խանութներում ի՞նչն է ավելի արագ բարձրանում՝ գնե՞րը, թե՞ թոշակները։ Թոշակները ընտրություններից 2 ամիս առաջ 10 հազար դրամով բարձրացնելը ի՞նչ է նշանակում...»։
Նարեկ Կարապետյանն ընդգծել է՝ մեր երկրին շեշտակի փոփոխություններ են պետք։