Բաքուն ու Անկարան սպասում են ընտրությունների արդյունքներին. սահմանի բացման ու խաղաղության հռչակագրի համար կարող է նոր նախապայմաններ առաջ քաշեն. Թուրքագետ
19/05/2026 17:02

Բաքուն ու Անկարան սպասում են ընտրությունների արդյունքներին. սահմանի բացման ու խաղաղության հռչակագրի համար կարող է նոր նախապայմաններ առաջ քաշեն. Թուրքագետ

Խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանում կկատարվեն սահմանադրական փոփոխություններ, ինչից հետո հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի կնքումն ու հայ-թուրքական սահմանի բացումը։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովի հայտարարությանը, ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Հիշեցնենք՝ Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հայտարարել էր, որ Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, իսկ երկու երկրների միջև սահմանը կարող է բացվել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո։

Մուշեղ Խուդավերդյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է՝ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո։

«Եթե ընտրություններում իշխանությունը հաղթի, դեռ պարզ չէ՝ կկարողանա՞ սահմանադրական մեծամասնություն ձևավորել և փոխել Սահմանադրությունը։ Սակայն ընդդիմության հաղթանակի դեպքում չեմ կարծում, որ նրանք կգնան այդ քայլին։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը սպասում է ընտրությունների արդյունքներին»,- նշեց թուրքագետը։

Նրա խոսքով՝ եթե գործող իշխանությունները վերարտադրվեն, այդ գործընթացները կարող են ակտիվանալ։

«Եթե նրանք հաղթեն, խաղաղության պայմանագիր կարող է կնքվել, թեև չի բացառվում, որ Ադրբեջանը ընթացքում առաջ քաշի նոր պահանջներ, որոնք նույնիսկ գործող իշխանությունները չընդունեն։ Քանի որ բանակցությունները փակ ձևաչափով են ընթանում, մենք չենք կարող հստակ իմանալ, թե Բաքուն ինչ հավելյալ պահանջներ ունի»,- ասաց նա։

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարմանը՝ Խուդավերդյանը նշեց, որ Անկարան բազմիցս հայտարարել է՝ Հայաստանի հետ սահմանները կբացի և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայում կա նաև տեսակետ, որ Հայաստանը կարող է դառնալ Միջին Ասիան Եվրոպային կապող կարևոր տարանցիկ ուղիներից մեկը։

«Չնայած ժամանակին Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը հայտարարում էր, որ մի քանի գրոշի առևտրի համար Թուրքիան չի պատրաստվում բացել Հայաստանի հետ սահմանը և վնասել Ադրբեջանի շահերին, սակայն, այսօր, երբ, թուրքական կողմի գնահատմամբ, Ղարաբաղյան հարցը փակված է, Անկարան կարծում է, որ նախադրյալներ են ստեղծվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- նշեց նա։

Միաժամանակ թուրքագետը շեշտեց, որ Թուրքիայի նախապայմանները կարող են չսահմանափակվել միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ. «Ենթանախապայմաններ կան, օրինակ, ՀՀ-ում պետք է արգելվի հակաթուրքական քարոզչությունը, 1915 թվականի դեպքերը քննելու համար պետք է ստեղծվի հանձնաժողով՝ բաղկացած ինչպես հայ, թուրք գիտնականներից, այնպես էլ արտասահմանցի փորձագետներից։ Ամեն ինչ փուլային տարբերակով է գնում։ Կարող ենք նշել, որ հենց դրան էլ գնում է ամեն ինչ, եթե Հայաստանում կտրուկ փոփոխություններ չլինեն»։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Բաքուն ու Անկարան սպասում են ընտրությունների արդյունքներին. սահմանի բացման ու խաղաղության հռչակագրի համար կարող է նոր նախապայմաններ առաջ քաշեն. Թուրքագետ