.jpg)
Փաշինյանը «հակահերոս» է ներկայացնում արցախցիներին՝ մանկահասակ արցախցուց մինչև ռազմաքաղաքական ղեկավարություն. Մետաքսե Հակոբյան
«Քարոզարշավի ընթացքում արցախցիների հանդեպ ահռելի ատելություն գեներացնելը տեխնոլոգիա է, որը կիրառում է Նիկոլ Փաշինյանը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասում է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Հերթական տեխնոլոգիան, որը նաև 2018-ին կիրառեց։ Ապահովելով զգացմունքների ալիք՝ նա, ըստ էության, փորձեց սրբել, հեռացնել բոլոր ազգային արժեքները։
2018-ին իրեն հռչակելով «հերոս»՝ ստեղծեց նաև «հակահերոսներ»։ 2018-ի «հակահերոսներն» էին մեր հերոսապատումը կերտած քաջորդիները, «հակահերոս» էր ներկայացվում եկեղեցին, նաև մեզ հայրենիք պարգևած նախագահները, հատկապես՝ վերջին երկու նախագահները։
Այդ փուլում, բնականաբար, իրեն դա պետք էր, որովհետև այդ տարիների ընթացքում իր ստեղծած «հակահերոսների» կերպարը, ցավոք, մարսվեց հասարակության մի հատվածի կողմից։ Այն հատվածը, որը հավատացել էր իրեն, գուցե այսօր էլ շարունակում է հավատալ, թե իբր թալան է եղել, որը պետք է վերադարձվի, և մարդիկ ապրեն ուրախ, երջանիկ, մեծ փորերով։
Բայց հենց այդ նույն երջանկություն ու բարեկեցություն սպասողները հասկացան, որ դատարկ ծրարներ են բաժանվել ժողովրդին՝ խոստումներ, որոնց մեջ ոչինչ չկա։ Ուստի, պետք էր ստեղծել նոր «հակահերոսներ», և հիմա հենց դա էլ անում է։
«Հակահերոսներ» են ներկայացվում արցախցիները՝ սկսած մանկահասակ արցախցուց մինչև ռազմաքաղաքական ղեկավարություն, որն այսօր Բաքվի բանտերում է։ Այսինքն՝ ստեղծվել է «հակահայ» և «հակաարցախյան» կերպար, որպեսզի նորից բարձրացվի զգացմունքների ալիք»,-նշում է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ կա ժողովրդի մի փոքր հատված, որը կուլ է տալիս այդ խայծը և ընկնում այդ տեխնոլոգիայի ազդեցության տակ, սակայն մարդկանց մի ստվար զանգված շատ լավ հասկանում է, որ իր առջև կանգնած է հանցագործ, ստախոս ղեկավար և չի տրվում սադրանքների։
«Իհարկե, չպետք է մոռանանք նաև այն բավականին մեծ հատվածին, որը պարզապես այլևս ոչինչ չի ուզում լսել կամ տեսնել քաղաքական դաշտում։
Եթե ուզում ենք հաջողություն գրանցել, եթե ուզում ենք, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը ղեկավարեն ազգային ուժերը, ազգային արժեքները պահպանող և ազգային ռազմավարություն ունեցող ուժերը, ապա պետք է հասկանանք՝ հաղթելու ենք միայն այն դեպքում, եթե կարողանանք այդ հատվածի համար ստեղծել այնպիսի նախընտրական միջավայր, որ նրանք հավատան և գան ընտրությունների։ Իշխանությունների կիրառած տեխնոլոգիան ամենից շատ հիասթափություն ու զզվանք է առաջացնում հենց այդ հատվածի մոտ, և մարդիկ այլևս չեն ցանկանում մասնակցել որևէ գործընթացի»,-ընդգծում է Մետաքսե Հակոբյանը։
Ըստ Արցախի ԱԺ պատգամավորի՝ եթե ընդդիմադիր ուժերը քարոզարշավը կառուցեն ոչ միայն սեփական ծրագրերի շուրջ, այլև խոսեն ժողովրդի հետ, ապահովեն մարդկանց մասնակցությունը ընտրություններին, ապա հաղթանակը հնարավոր կլինի.
«Փաշինյանը բոլորից լավ գիտի դա։ Իշխանությունն ունի այնպիսի ռեսուրսներ և հնարավորություններ, որոնք թույլ են տալիս ավելի հստակ պատկերացնել իրական պատկերը։ Իրեն վստահություն է տալիս նաև Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությունը։ Չպետք է մոռանանք նաև վարչական ռեսուրսի, ընտրակաշառքների, ճնշումների, ագրեսիվ մթնոլորտի և հնարավոր ընտրակեղծիքների մասին։
Այս պահին արդեն իսկ կան ընտրակեղծիքների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր, և պատկերացրեք՝ ինչ կարող է լինել ընտրության օրը։
Հենց այդ պատճառով հասարակությունը, ընդդիմադիր ուժերը և բոլոր անտարբեր չմնացող մարդիկ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի իշխանությունները չկարողանան իրականացնել իրենց ծրագրերը»։