.jpg)
Ժամացույց. նրա տեսակները, ժամային գոտիներ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ժամացույցը այն սարքն է, որը նախատեսված է օրվա ընթացիկ ժամանակը որոշելու, չափելու և ժամանակային միջակայքերը հաշվարկելու համար։
Այդ տարածված սարքի օգնությամբ մարդը կարողանում է «կառավարել» ժամանակը, ճշգրիտ կառուցել օրվա ռեժիմը։
Այն ունի հազարամյակների պատմություն։
Ժամացույցները ըստ տեղադրման լինում են ձեռքի, պատի, սեղանի, աշտարակային և այլն։ Եթե ժամացույցները բաժանենք հնագույն, ժամանակակից և ճշգրիտ տեսակների, ապա հնագույն կհամարվի արեգակնային, ավազե, ջրային և կրակե ժամացույցները։
Առաջին ժամացույցների աշխատանքը կախված էր արևի ստվերից, ինչը նրանց ոչ կիրառելի էր դարձնում ամպամած եղանակին ու գիշերը։
Հազարամյակներ շարունակ մարդիկ տարբեր հարմարանքներ են պատրաստել ժամանակը չափելու և նրա ընթացքին հետևելու համար։ Օրինակ ժամանակի հաշվարկման վաթսունական համակարգը հորինվել է Շումերում՝ մոտավորապես մ.թ.ա. 2000թ․։
Հին Եգիպտոսում օրը բաժանում էին երկու 12-ժամյա պարբերության՝ կիրառելով մեծ կոթողներ՝ արեգակին հետևելու համար։
Իրանում ջրի ժամացույցը օգտագործվել է մ.թ.ա. 2500 թվականից՝ ողջ օրվա ու գիշերվա ընթացքում։
Ժամանակակից ժամացույցների թվին են դասվում մեխանիկական, քվարցային, թվային, էլեկտրոնային ժամացույցները։
Ճշգրիտ ժամացույցներից է ատոմայինը, որը օգտագործվում է միջազգային ժամանակը չափելու համար։
Ինչպես ասվեց՝ արևային ժամացույցները համարվում են ամենահինը, նրանցից մեկը հայտնաբերվել է Եգիպտոսում։
Առաջին մեխանիկական ժամացույցները սկսեցին պատրաստվել Եվրոպայում՝ 14-րդ դարում։ Դրանցից էին մասնավորապես կշռաքարերով աշխատող ժամացույցները։ Հայտնի է, որ առաջին ձեռքի ժամացույցը պատրաստվել է 1810 թվականին շվեցարացի Աբրահամ Լուի Բրեկեի կողմից։
20-րդ դարում ստեղծվեցին քվարցե ժամացույցները, այնուհետև՝ ատոմային ժամացույցը։ Հայտնի է, որ ատոմային ժամացույցը 10-14 սխալ է տալիս, որը նշանակում է՝ 1մվրկ՝ 3000 տարում․․․
Ատոմային ժամացույցները ժամանակի չափման չափազանց ճշգրիտ սարքեր են։ Նման ժամացույցի աշխատանքի ֆիզիկական սկզբունքը հիմնված է այն իրողության վրա, երբ էլեկտրոնների էներգիական մակարդակների միջև անցումների հաճախականությունը համարվում է որպես ժամանակի չափման չափանիշ։
Ի տարբերություն սովորական ժամացույցների, որոնք, օրինակ, օգտագործում են ճոճանակ կամ քվարց, ատոմային ժամացույցը հիմնվում է ատոմի միջուկի շուրջ էլեկտրոնների սեփական անփոփոխ տատանումների վրա։ Այսինքն ատոմների կամ մոլեկուլների սեփական տատանումները, կամ ավելի ճիշտ դրանց պարբերությունը էլեկտրոնային սխեմաների օգնությամբ համեմատվում է չափվող ժամանակահատվածի հետ։
Արեգակնային ժամացույցը ժամանակ որոշող այն սարքն է, որը հիմնված է արեգակի ստվերի երկարության և երկնքում Արեգակի այլ օբյեկտների նկատմամբ դիրքի փոխկապացվածության վրա։
Պարզագույն արեգակնային ժամացույցը ցույց է տալիս ոչ թե տեղային, այլ արեգակնային ժամանակը, որը նշանակում է հաշվի չառնել Երկրի ժամային գոտիները։
Ժամային գոտին Երկրի մակերևույթի մաս է, որի վրա որոշ օրենքի համապատասխան գործում է գոտային ժամանակը։
Այն Երկրի մակերևույթի վրայի 15 աստիճան լայնության պայմանական շերտ է։ Այդ գոտիների ձևավորումը կապված է մի կողմից Երկրի՝ իր առանցքի շուրջ պտույտը հաշվի առնելու, իսկ մյուս կողմից որոշելու միևնույն տեղական ժամանակով տարածքները։ Այդ նպատակով պետք է լինեն 24 ժամային գոտիներ և դրանցից յուրաքանչյուրը պետք է ընդգրկի մոտ 15 աստճան լայնությամբ տարածք։
Այժմ ժամանակը որոշվում է
համաշխարհային կոորդինացված ժամանակի/UTC/ օգնությամբ, որն ընդունված է եղել Գրինվիչի ժամանակի /GMT/ փոխարեն։
Գրինվիչի միջին ժամանակը /GMT/ միջօրեականի միջին արևային ժամանակն է, որը հաշվարկվում է Լոնդոնի մոտակայքում գտնվող Գրինվիչի աստղադիտարանից /0 միջօրեական/։ Այն աշխարհի ժամային գոտիների հաշվարկման հիմնական կետն է, և ներկայումս ինչպես նշվեց փոխարինվել է UTC-ի ու մասնավորապես Հայաստանի ժամանկը /AMT /՝ UTC+4 է, ինչը նշանակում է, որ Հայաստանում ժամանակը 4 ժամով առաջ է Գրինվիչի ժամանակից։
Եթե գրինվիչով ժամը 12:00-ն է, ապա Հայաստանում ժամը 16:00-ն է։
Նկատենք, որ մինչև 1972 թվականը Գրինվիչի ժամանակը համարվել է հաշվարկման սկիզբ այլ ժամային գոտիների համար։
Ընդհանրապես Գրինվիչի միջին ժամանակը ընդունվել է Մեծ Բրիտանիա կղզում՝ 1847թվականին։
Հետաքրքիր է նշել նաև, որ ժամային գոտիների գաղափարը և դրանց գործնական կիրառումը մտցվել է 19-րդ դարի վերջին, որը կապված էր հիմնականում երկաթուղային հաղորդակցության զարգացման հետ ու որը պահանջում էր ժամանակի միասնականացում։
Ժամային գոտիների այս համակարգը սկսել է ձևավորվել 1870-ականներին և պաշտոնապես ընդունվել է 1884-ին՝ Վաշինգտոնում կայացած միջազգային համաժողովում։
Նկատենք, որ ժամանակը ըստ UTC-ի չի փոխվում ոչ ձմռանը, ոչ էլ ամռանը, ուստի այն երկրները որտեղ առկա է անցում ամառային ժամանակի, UTC-ի նկատմամբ շարժը չի փոխվում։
Հետաքրքիր է նշել, որ օրինակ Չինաստանը իր տարածքով մի ժամային գոտի ունեցող ամենամեծ երկիրն է /UTC+8/։
Կամո Աթայան