Հարվարդում ներկայացվել է կոլեկտիվ տրավմային արձագանքող հայկական «հոգևոր-հոգեբանական» մոդելը (Տեսանյութ)
20/05/2026 19:51

Հարվարդում ներկայացվել է կոլեկտիվ տրավմային արձագանքող հայկական «հոգևոր-հոգեբանական» մոդելը (Տեսանյութ)

2026 թվականի մայիսի 14–15-ը Հարվարդի բժշկական դպրոցում տեղի ունեցավ Հոգևորության, կրոնի և հոգեկան առողջության 6-րդ գլոբալ համաժողովը (6th Global Summit on Spirituality, Religion, and Mental Health)։ Այս համաժողովը կրում էր «Ուրվագծելով ապագան․ գիտական հետազոտություններից դեպի գործնական կիրառություն» խորագիրը և միավորել էր 22 երկրներից ժամանած հոգեբույժների, հոգեբանների, հետազոտողների, հանրային առողջության ոլորտի մասնագետների ու ծրագրեր իրականացնող թիմերի՝ քննարկելու տրավմայի հաղթահարման, վերականգնման և հոգեկան առողջության մշակութապես զգայուն մոտեցումները՝ հոգևորության հետ համադրությամբ։ Այս հեղինակավոր հարթակում այս տարի ներկայացված էր նաև Հայաստանը։

Համաժողովի ընթացքում Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից վերջին տարիներին մշակված հոգևոր-հոգեբանական մոտեցումը՝ որպես կոլեկտիվ տրավմայի անհատական հետևանքներին արձագանքող, մշակութապես խարսխված և ապացուցահեն մոդել։ Ներկայացման հենքում այն գաղափարն էր, որ կոլեկտիվ տրավմայից վերականգնումն ունի մի շերտ, որին հաճախ բավարար ուշադրություն չի դարձվում հումանիտար միջավայրերում․ ի՞նչ առաջարկել այն մարդկանց, ովքեր աղետը վերապրելուց և որոշ չափով հոգեպես կայունանալուց հետո սկսում են մտածել ոչ թե միայն «ինչպե՞ս հաղթահարեմ սա», այլ՝ «ինչպե՞ս նորից ապրեմ»։ 

Զեկույցի առանցքային գաղափարներից մեկը «ընտրված վերականգնումն» էր։ Սա հայկական փորձառությունից բխող նոր հասկացություն է, որի հիմքում ընկած է ոչ թե միայն ցավի, կորստի և զոհի ինքնության շուրջ հիշողության կառուցումը, այլ պատմական հիշողության օգտագործումը՝ որպես անձնային գործունակության, արժանապատվության և կյանքի նորովի վերակերտման ռեսուրս։ Հայ ժողովրդի պատմությունը լի է ոչ միայն աղետներով, այլև վերադարձի, վերականգնման և շարունակականության փորձով։

Այդ իմաստով «ընտրված վերականգնումը» տրավմայի ժխտում չէ, այլ որոշում՝ դեպի որ ուղղությամբ նայել. մնալ միայն կորստի մտածողության մեջ, թե պատմական հիշողությունից դուրս բերել նաև դիմակայելու, վերականգնվելու և առաջ գնալու օրինակները, որոնք ոչ պակաս լեցուն են թե՛ պատմության մեջ, թե՛ հայկական ընտանեկան հիշողություններում։ Հիմնադրամի համոզմամբ՝ հենց այստեղ է հայկական փորձառության յուրահատկությունը և դրա հնարավոր ներդրումը միջազգային MHPSS դաշտում։

Հոգևոր-հոգեբանական մոտեցումը արմատավորված է մի բանում, որը հայերը զգում են իրենց էությամբ՝ համայնքի ու ընտանեկան հիշողության մեջ։ Այդ հիշողությունը միայն ցավի բեռ չէ, որ պետք է կրել, այլ նաև կարող է դառնալ ապացույց, որ նույնիսկ ամենադժվար փուլերից հետո հնարավոր է վերականգնվել և կրկին հաջողել։ Այլ կերպ ասած՝ պատմական հիշողությունը վերածվում է ոչ միայն անցյալի պահպանման միջոցի, այլ ապագայի նկատմամբ վերաբերմունք ձևավորող ուժի։ Հենց այդտեղից էլ մարդը կարող է քաջություն գտնել՝ հավատո քայլ անելու դեպի մի ապագա, որը տվյալ պահին դեռ ամբողջությամբ չի պատկերացնում։ Այս մոտեցման ԴՆԹ-ն իր էությամբ հայկական է, բայց դրա տրամաբանությունը վերաբերելի է ցանկացած համայնքի, որն ունի իրեն հենարան տվող անցյալ և կարող է հենվել դրա վրա։

Մոտեցման երկրորդ կարևոր հենասյունը Նուբար Աֆեյանի տեսլականից եկող երկու գաղափարների կիրառումն է՝ «հավատո քայլը» և «ապագայից դեպի ներկա» մտածողությունը։ Հիմնադրամի մեկնաբանությամբ՝ հավատո քայլը այն պահն է, երբ մարդը, դեռևս չունենալով լիարժեք ապացույց, այդուամենայնիվ ընտրում է հավատալ, որ ելքը հնարավոր է, և անում է առաջին կոնկրետ քայլը դեպի այդ ապագան։ Սա պարզապես հույսի զգացում չէ, այլ որոշում և գործողություն է։ Իսկ ապագայից դեպի ներկա մտածողությունը նշանակում է չսկսել ներկա սահմանափակումներից և վերքերից, այլ նախ պատկերացնել ապագան, որն արժե ապրել, ապա հետ շարժվել այդ ապագայից դեպի ներկա՝ հասկանալու, թե ինչ քայլեր են պետք այդ ուղղությամբ արդեն այսօրվանից սկսելու համար։ Այս երկու գաղափարները Հիմնադրամը վերածել է հոգևոր-հոգեբանական մեթոդի հիմնարար տրամաբանության՝ ցույց տալու համար, որ կոլեկտիվ տրավմայից հետո մարդուն երբեմն պետք է ոչ միայն աջակցություն, այլ նաև նոր ուղղություն։

Համաժողովի տվյալ նիստին ներկա էին Հիմնադրամի գաղափարի հեղինակ ու հիմնադիր Նուբար Աֆեյանը, «Աֆեյան» հիմնադրամի հոգաբարձու և համանախագահ Աննա Աֆեյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր լորդ Արա Դարզին, ինչպես նաև Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի (APA) Division 36-ի նախագահ Դեյվիդ Հ. Ռոզմըրինը։ 

Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի մասնակցությունը Հարվարդի բժշկական դպրոցում կայացած այս համաժողովին կարևոր քայլ էր հոգևոր-հոգեբանական մոտեցման միջազգայնացման ճանապարհին։ Այն հնարավորություն տվեց ցույց տալու, որ Հայաստանում մշակված այս մոդելը ոչ թե պարզապես տեղային առանձնահատկություն է, այլ լավ կառուցված մոտեցում, որի տրամաբանությունը կարող է կիրառելի լինել նաև այլ հետպատերազմյան, հետճգնաժամային և զանգվածային տրավմայի միջով անցած հասարակությունների համար։ 

Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը գործում է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի աջակցությամբ։

 

Հարվարդում ներկայացվել է կոլեկտիվ տրավմային արձագանքող հայկական «հոգևոր-հոգեբանական» մոդելը (Տեսանյութ)