Իշխանությունը համակարգված արտաքին քաղաքականություն չունի. Քաղաքագետ
21/05/2026 22:13

Իշխանությունը համակարգված արտաքին քաղաքականություն չունի. Քաղաքագետ

Այսօր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Փաշինյանի՝ ԵԱՏՄ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը արդեն վերածվել է համակարգային երևույթի։

Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշեց, որ Ռուսաստանի արձագանքը կապված է ոչ թե մեկ առանձին միջադեպի, այլ Հայաստանի արտաքին քաղաքական ընդհանուր գործելաոճի հետ։ 

«Ռուսական կողմը պարբերաբար ընդգծում է, որ ակնկալում է  կանխատեսելի և հստակ քաղաքական գիծ Հայաստանի կողմից՝ հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Սա ներկայացվում է որպես համակարգային հարց, այլ ոչ թե մեկ միջոցառման շուրջ ձևավորված խնդիր, բայց ես կարծում եմ  հակառակը՝ Հայաստանը համակարգված արտաքին քաղաքականություն չի վարում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Եվրամիության հետ։

Սրան զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը անընդհատ ասում է, որ ռուսական կողմի հետ կապված ոչ մի խնդիր, լարվածություն չկա, սակայն պետության մակարդակով պատասխան Զախարովային չի տրվում, այլ վարչապետը խոսում է միայն ներքին լսարանի հետ՝ պատմելով իր և Պուտինի հեռախոսազանգերի, մտերիմ հարաբերությունների մասին»։  

Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունը մի կողմից  շարունակում է լինել ԵԱՏՄ-ում և Ռուսաստանի հետ անվտանգային, տնտեսական համակարգերում, իսկ մյուս կողմից խոսում է Եվրոպայի հետ դիվերսիֆիկացիայի մասին, բայց գործնականում ոչ մեկի, ոչ մյուսի հետ չկան այնպիսի հարաբերություններ, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանի համար։

«Հայաստանը անորոշ արտաքին քաղաքականություն է վարում, երբեմն կարծիքներ են հնչում, որ իշխանությունը Եվրոամիության հետ սերտ կապեր է ստեղծում, բայց այստեղ էլ միայն խոսքերի մակարդակում է ամեն ինչ, և մի քանի միլիարդ ներդրումների մասին է խոսքը։ Այնինչ եթե նայեք, թե ինչ աջակցություն են ստանում այլ երկրները, պարզ կլինի, որ այն, ինչ արվում է Հայաստանում, շատ փոքր մասշտաբների է»։   

Իշխանությունը համակարգված արտաքին քաղաքականություն չունի. Քաղաքագետ