.jpg)
Հայհոյախոսությունը դարձել է իշխանության մենաշնորհը. Վարդան Հարությունյան
«Ինձ մոտ տպավորություն է, որ այսօր Հայաստանում բոլոր հեռախոսային խոսակցությունները տոտալ վերահսկվում են»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ձայնագրություններին, որոնք վերջին շրջանում պարբերաբար հրապարակում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես ընդդիմության գրասենյակների բոլոր աշխատողների հեռախոսները գաղտանլսվում են, և բնականաբար հայտնի չէ՝ օրենքով, դատարանի վճռո՞վ են դա անում, թե՞ առանց վճռի։ Իսկ հայտնի չէ, քանի որ որևէ հրապարակում այդ մասին չի լինում, հրապարակում են միայն ձայնագրությունները։
Եվ երկրորդը՝ անգամ այդ ձայնագրությունները շատ հաճախ քրեական հետապնդման որևէ հստակ հիմք չեն պարունակում, սակայն միևնույն է՝ մարդկանց կալանավորում են։ Սա, իհարկե, դատապարտելի է»։
Հարությունյանն անդրադարձավ նաև նախընտրական քարոզչության շրջանում իշխանության խոսույթին.
«Հայհոյախոսությունը դարձել է իշխանության մենաշնորհ, և սովորական երևույթ է մարդկանց նկատմամբ կոշտ, կոպիտ վերաբերմունքը, հայհոյանքները։ Քաղաքականության բացակայություն կա, այսօր քաղաքականություն որպես այդպիսին՝ չկա, կա պարզաբանումների դաշտ։ Մենք ապրում ենք սովորական քրեական, փողոցային պարզաբանումների դաշտում։ Սա է տխուր իրականությունը»։