Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ
22/05/2026 12:25

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ:

Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն:

Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Հեղինակ`Անի Վարդանյան