.jpg)
Սոցիոլոգիական հարցումների հրապարակված թվերը չեն կարող դիտվել որպես վերջնական ընտրական պատկեր. Սոցիոլոգ
Վերջին օրերին ընտրությունների վերաբերյալ հրապարակվող հարցումները իրարամերժ արդյունքներ են արձանագրում։
Aysor.am-ի հետ զրույցում սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանն ընդգծում է՝ շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ կազմակերպություն է անցկացրել հարցումը։
«Եթե տվյալները հրապարակում են կուսակցությունները կամ նրանց հետ փոխկապակցված կառույցները, և դրանց վրա չկա անկախ, անաչառ մարմնի ստորագրություն, ապա դա արդեն քաղաքական պայքարի մաս է, ոչ թե դասական իմաստով հարցում։ Այսինքն՝ իրենք պարզապես հրապարակում են տվյալներ՝ հասարակական տրամադրությունների վրա ազդելու կամ դրանք ձևավորելու նպատակով։ Երեկ եմ տեսել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման տվյալները, և կարող եմ ասել, որ այս դեպքում օգտագործվել է շարունակական մեթոդաբանությունը, և նրանք տարիներ շարունակ պահպանել են նույն մոտեցումները՝ առանց հետազոտական մեթոդների մեջ էական շեղումների։ Նմանօրինակ հարցումները մասնագիտական շրջանակում համարվում են առավել վստահելի, քանի որ դրանց տվյալները կարելի է դիտարկել նաև ժամանակային դինամիկայի մեջ»։
Սոցիոլոգը, սակայն, ուշադրություն է հրավիրում կարևոր փաստի վրա՝ նույնիսկ վստահելի հարցումների պարագայում հասարակության շրջանում հաճախ սխալ ընկալումներ են ձևավորվում։
«Քաղաքացիները սովորաբար տեսնում են միայն վերնագրերը՝ «այս ուժն է առաջատար», «այս կուսակցությունն այսքան տոկոս կհավաքի», մինչդեռ այդ թվերը լրացուցիչ վերլուծության կարիք ունեն։ Նախևառաջ հարցումների մեջ ներառվում են նաև մարդիկ, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին, դեռ չեն կողմնորոշվել, հրաժարվում են պատասխանել կամ բոլոր քաղաքական ուժերին դեմ են։ Հետևաբար, հրապարակված թվերը չեն կարող դիտվել որպես վերջնական ընտրական պատկեր։ Դրանք մասնագետների համար են, քանի որ պահանջում են հետագա մասնագիտական վերլուծություն։
Այսպիսի հարցումները «հում նյութ» են, իրական ընտրական կանխատեսում կազմելու համար անհրաժեշտ է բարդ հաշվարկային աշխատանք։ Պետք է հաշվի առնել մասնակցության մակարդակը, առանձին ուսումնասիրել Երևանի և մարզերի տվյալները, դուրս բերել չմասնակցող կամ չկողմնորոշված ընտրողներին, գնահատել անցողիկ շեմին մոտ քաղաքական ուժերի հնարավորությունները, ինչպես նաև վերաբաշխել այն ձայները, որոնք բաժին են ընկնում շեմը չհաղթահարող ուժերին։ Միայն այս ամբողջ գործընթացից հետո կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպիսի կազմ կարող է ունենալ Ազգային ժողովը»։
Կարեն Սարգսյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաև ժամանակահատվածին, թե երբ է անցկացվել հարցումը։
«Օրինակ, IRI-ի հարցումը, որը հրապարակվեց երեկ, արվել է մայիսի սկզբին, այս ընթացքում կարող է շատ բան փոխված լինել։ Նույնիսկ փոքր տոկոսային տատանումները կարող են լուրջ ազդեցություն ունենալ արդյունքների վրա։ Հատկապես այն պայմաններում, երբ քաղաքական դաշտում բազմաթիվ ուժեր են պայքարում, անգամ 1-2 տոկոսի փոփոխությունը կարող է հազարավոր ձայների տարբերություն ստեղծել»։