«Ծաղիկները քաղել ենք, չգիտենք՝ ինչ ենք անելու, մնաց՝ թափելու ենք». Տնտեսվարողների անհանգստությունն՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի
23/05/2026 20:39

«Ծաղիկները քաղել ենք, չգիտենք՝ ինչ ենք անելու, մնաց՝ թափելու ենք». Տնտեսվարողների անհանգստությունն՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից Aysor.am-ի լրագրողն այսօր հետաքրքրվել էր, թե անհանգստություն չկա՞, որ Ռուսաստանը կասեցրել է հայկական շատ ապրանքների վաճառքը։ Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանը տնտեսական խնդրի առաջ կկանգնի, երբ կիրառվում են նման սանկցիաներ, Սիմոնյանը նախ դա պնդում էր որակել, այնուհետև հայտարարել էր, թե ընդդիմադիրները «պետք է դադարեն Ռուսաստանին խրախուսել, հրահրել ու կոչ անել Հայաստանի  դեմ սանկցիա կիրառել»։

Սիմոնյանը լրագրողին էլ կոչ էր արել գնալ ու զանգել տնտեսվարողներին։

«Գնացեք, զանգեք, եկեք... դուք կեղծ բաներ եք ասում»,-ասել էր ԱԺ նախագահը:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանի՝ Aysor.am-ի լրագրողը զրուցել է մի շարք տնտեսվարողների հետ, ովքեր ծաղկի մշակությամբ են զբաղվում: Երեկվանից Հայաստանից դեպի Ռուսաստան ծաղիկների արտահանման ժամանակավոր արգելքը պայմանավորված է բուսասանիտարական անվտանգության հարցերով։

Ապարան խոշորացված համայնքի Սարալանջ բնակավայրում գործող «Ռոզ Ֆիլդ» ընկերության տնօրեն Համբարձում Վարդանյանը Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեկ շաբաթից ավելի  է՝ իր ջերմոցային տնտեսությունից վարդ չի արտահանվում Ռուսաստան: Նրա խոսքով՝ որոշ ընկերությունների ռուսական կողմը մինչև հունիսի 22-ն էր արգելել ծաղիկ արտահանել, «Ռոզ Ֆիլդ»-ն այդ ընկերություններից մեկն է: Համբարձում Վարդանյանն իր ջերմատնից օրական շուրջ  15 000 հատ վարդ է հավաքում, մեկ շաբաթ է՝ վարդերը քաղել է, բայց մի մասը, որը մշտապես Մոսկվա է արտահանվում, չի կարողանում իրացնել:

«Ծաղիկները քաղել ենք ու պահեստավորել, չգիտենք, թե ինչ ենք անելու, եթե երկար շարունակվի, կփչանա, փչացող ապրանք է: Չգիտենք՝ որտեղ պետք է իրացնենք, հայկական, տեղական շուկան շատ փոքր է, առայժմ չգիտենք՝ ինչ ենք անելու, էդ վիճակն է: Ոչ միայն իմ, այլև ընդհանուր ամբողջ Հայաստանից է  ծաղիկների արտահանումը ժամանակավորապես արգելվել», - նեղսրտեց տնտեսվարողը:

Համբարձում Վարդանյանն ասում է՝ իր աճեցրած հոլանդական վարդերը, երբ Ռուսաստան են հասել, այնտեղ են լաբորատոր փորձաքննության ենթարկվել  և, ըստ ռուսական կողմի, ֆիտոսանիտարական խնդիրներ են հայտնաբերվել:

«Չգիտեմ, ասել են՝ խնդիրներ կան, բայց  մենք՝ այստեղ, ֆիտոսանիտարիան՝ Մոսկվայում: Մենք այստեղ ՍԱՏՄ-ի միջոցով ստուգել ենք և խախտումներ չեն հայտանաբերվել», - փոխանցեց նա:

Մխչյան բնակավայրում հերբերաներ աճեցնող Արման Վարդանյանն անհամբերությամբ է սպասում հայ և ռուս մասնագետներին, որոնք առաջիկա օրերին իր ջերմատուն պետք է այցելեն՝ ստուգումների: Ծաղկի մշակությամբ զբաղվող տնտեսավարողը վստահ է՝ իր ջերմատունը գործում է ՍԱՏՄ-ի ներկայացրած նորմերին համապատասխան, արտադրանքը ևս որակյալ է:

«Պատճառաբանում են, թե ՀՀ-ից Ռուսաստան ծաղիկների միջոցով հիվանդություններ են տեղափոխվում, մասնավորապես՝ տրիպս տեսակի միջատ: Ռուսական կողմն ասում է, որ դա վտանգավոր է: Դա անտեսանելի միջատ է, այնպիսի երկիր չկա, որ էդ տրիպսը չլինի։ Թունաքիմիկատներով սրսկում են, որ էդ միջատը վերանա», - ներկայացրեց մեր զրուցակիցը:

Մխչյանցի ջերմոցատեր Արտյոմ Հովհաննիսյանն այս օրերին ամեն օր կապի մեջ է արտահանողների հետ: Գործընկերներից ստացված վերջին լուրերը, սակայն, հայ արտադրողների համար բարի չեն: Արտյոմ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ռուսական կողմը ոչ միայն ծաղկի արտահանումն է ժամանակավորապես դադարեցրել, այլև բանջարեղենի, անգամ Հայաստանից Ռուսաստան տարվող կանաչեղենը:

«Արհեստական խնդիրներ է ռուսական կողմը ստեղծում, եթե հայկական է, վերջ, ինչ-որ պատճառ գտնում են և խոչընդոտում են:  Տնտեսվարողների մեծ մասը, ովքեր արտահանում են անում, սպասում էին սրան: Քաղաքական էս բաների հետ է կապված: Մինչև ընտրություններ ամեն օր ինչ-որ մի նոր ապրանքի անուն ի հայտ է գալու», - մանրամասնեց նա:

Արտյոմ Հովհաննիսյանի ջերմատանն աճեցված հոլանդական վարդերը հիմնականում վաճառվում են Վրաստանում և Ռուսաստանում:

«Հիմա, եթե պետք եղավ, մի 10 օր էլ ծաղիկները կթափենք: Ամեն մեկս իր «կանալներով» սկսել է այլ շուկաների վրա աշխատել, որ մեկ շուկայից կախվածություն չունենանք, չպիտի մնանք իրենց հույսին, երրորդ շուկա պիտի գտնենք: Մեր երկրից տարեկան 1 միլիոնից ավելի վարդ է արտահանվում ՌԴ: Էս պահի դրությամբ աշխարհում ոչ մի երկրում էդքան վարդի արտադրություն չկա: Եթե Ռուսաստանը փորձում է մեր վարդից հրաժարվել, չի կարող այլ երկրից այդ քանակությամբ ծաղիկ  բերել, լրացնել», - նշեց տնտեսվարողը:

Բացի ծաղկի արտահանման ժամակավոր սահմանափակումից, «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է հայկական երեք ընկերությունների արտադրած ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արգելքի տակ են ընկել «Վեդի Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած կոնյակներն ու գինիները։ 

Aysor.am-ը փորձեց զրուցել նաև ռուսական արգելքի տակ հայտնված ալկոհոլային խմիչք արտադրողների հետ: Ընկերությունների տնօրենների հետ կապ հաստատվել չհաջողվեց՝ գրասենյակներից պատասխանեցին, որ ոչ աշխատանքային օր է, մեկնաբանություն կտան երկուշաբթի:

Արգելքի ցանկում հաջորդը «Ջերմուկն» է: Մայիսի 22-ից ժամանակավոր կասեցվել է նաև հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը ՌԴ-ում: Ռուսական կողմը հայտարարում է, թե «Ջերմուկում» բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակ են հայտնաբերել:

Հեղինակ`Մանյա Պողոսյան
«Ծաղիկները քաղել ենք, չգիտենք՝ ինչ ենք անելու, մնաց՝ թափելու ենք». Տնտեսվարողների անհանգստությունն՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի