.jpg)
Գերիների ազատման դիմաց շատ վտանգավոր գործարք կարող է լինել. Միջազգայնագետը՝ Ռուբիոյի այցի մասին
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի սպասվող այցը Հայաստան առաջին հերթին ուղղված է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը՝ ներառելով ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցեր։
Aysor.am-ի հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ պաշտոնական մակարդակով այցը ներկայացվում է որպես սովորական բարձր մակարդակի դիվանագիտական շփում, սակայն այն կարող է ուղեկցվել կարևոր փաստաթղթերի ստորագրմամբ՝ տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական համագործակցության շրջանակում։
Փորձագետի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են ստորագրվելու, սակայն չի բացառվում, որ դրանք առնչվեն տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ» նախաձեռնությանը, ինչպես նաև ռազմավարական գործընկերության խորացմանը։
Կարապետյանն անդրադարձավ նաև Atlantic Council-ի վերջին հրապարակմանը, որտեղ խոսվում էր Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների՝ մասնավորապես «907-րդ բանաձևի» հնարավոր մեղմացման մասին՝ հայ գերիների ազատ արձակման դիմաց։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը վտանգավոր է և կարող է հանգեցնել տարածաշրջանում ուժային անհավասարակշռության խորացման։
«Իհարկե, ես խիստ կասկածում եմ, որ 907 բանաձևն ամբողջությամբ կչեղարկվի, քանի որ դա լուրջ լծակ է Բաքվի նկատմամբ, որքան էլ Թրամփի վարքագիծն արկածախնդրության շրջանակներում է։ Ես այդ տարբերակը շատ վտանգավոր եմ համարում, հայ գերիների ազատ արձակման դիմաց շատ վտանգավոր քաղաքական գործարք կարող է լինել, եթե դա լինի երևանյան հանդիպման շրջանակներում։
Միջազգային իրավունքի պահանջը չպետք է դառնա բանակցվող մանրադրամ, զենք՝ գերիների դիմաց հաշվարկը, միանշանակ, սխալ է։ Միջազգային իրավունքի պահանջը չպետք է դառնա սակարկության առարկա։ Զենք՝ գերիների դիմաց տարբերակը սխալ քաղաքականություն է։ Չի բացառվում, որ այս գործարքը ևս Միրզոյան-Ռուբիո հանդիպման ժամանակ քննարկվի»,- ընդգծեց նա։
Դիտարկմանը՝ արդյո՞ք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների նման այցերը Հայաստան նպատակ ունեն տարածաշրջանում՝ հատկապես ՀՀ-ում ՌԴ-ի դիրքերը թուլացնելու, այստեղից հանելու՝ Կարապետյանն արձագանքեց.
«Ոչ մի բան չի կարելի բացառել։ Այո, կարող ենք խանդի տեսարանների ականատես լինել, սակայն արդեն նշեցի, որ սա պաշտոնական, երկկողմ հարաբերությունների խորացման, զարգացման հերթական հանդիպումն է։ Թե ռուսական կողմն ինչպիսի՞ դիրքորոշմամբ հանդես կգա՝ հարցի մյուս կողմն է․ ջղաձգումներ, խանդի տեսարաններ կլինեն։ Ուրիշ բան, թե մենք ինչ անենք, որպեսզի ՌԴ-ի հետ հարաբերությունները դրա արդյունքում չտուժեն, առանց այդ էլ խորը ջրբաժան ու ճգնաժամ կա։ Այս համատեքստում խոհեմություն ու սթափություն պետք է լինի, հատկապես ԱԳՆ-ի կողմից, որպեսզի ճիշտ մեսիջ ուղարկվի աշխարհաքաղաքական ցանկացած կենտրոնի, թե ինչի համար է այս հանդիպումը։
Տեսնում ենք, որ Հայաստանը՝ ի դեմս այս իշխանությունների, որոնք իրենց քայլերի անունը դրել են արտաքին քաղաքականության և տնտեսության դիվերսիֆիկացիա, գնում է դեպի Արևմուտք և ամբողջ քաղաքական վարքագիծը կառուցվում է Արևմուտքի հետ հարաբերություններում։ Հասկանալի է, որ դա չի կարող անհետևանք դիտարկվել ՌԴ-ի կողմից»։
Նրա խոսքով՝ Հայաստանի արևմտյան ուղղվածության ակտիվացումը բնականաբար կարող է զգայուն արձագանք առաջացնել Ռուսաստանում, հատկապես այն պայմաններում, երբ հայ-ռուսական հարաբերություններում արդեն առկա է խոր ճգնաժամ։
Ինչո՞ւ նման այցը կազմակերպվեց խորհրդարանական ընտրություններից առաջ, հնարավո՞ր է՝ սա արվում է Փաշինյանին օգնելու, նրա վերարտադրության համար՝ Կարապետյանը պատասխանեց. «Այո, տեսնում եմ, որ թափանցիկ և անկաշկանդ կերպով ներկայացնում են, որ իրենք ուզում են այս իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, հետևաբար, դա իրենց ցանկությունն է, ես տողատակերում նաև տեսնում եմ աջակցություն։ Այն, որ ԱՄՆ-ի նման հեգեմոն գերտերությունը պետքարտուղարների և փոխնախագահի մակարդակներով այդ մասին ակնարկում է՝ փաստ է։ Այո, իշխանությունները սա որպես գործիք կարող են օգտագործել, որպեսզի հանրությանը ներկայացնեն, որ վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը»։