«Չափազանց վտանգավոր իրավիճակ է, հարված՝ ամբողջ տնտեսությանը». Տնտեսագետը՝ Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման արգելքի մասին
25/05/2026 22:17

«Չափազանց վտանգավոր իրավիճակ է, հարված՝ ամբողջ տնտեսությանը». Տնտեսագետը՝ Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման արգելքի մասին

«Ռուսաստանի տնտեսական քաղաքականությանը գնահատական տալը մեր գործը չէ, որովհետև իրենց քաղաքականությունն ու գործողությունների տրամաբանությունը ձևավորում է հենց ռուսական ղեկավարությունը։ Բայց այլ իրավիճակ է, երբ մենք ապրում ենք Հայաստանում, և այդ քաղաքականության հետևանքները անմիջապես հարվածում են թե՛ առանձին տնտեսվարողին, թե՛ ամբողջ տնտեսությանը։ Այստեղ արդեն մենք պարտավոր ենք գնահատական տալ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությանը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ անդրադառնալով Ռուսաստանում հայկական  շատ ապրանքների վաճառքի կասեցմանը։

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների քայլերը չհաշվարկված և անտրամաբանական են։

«Հավանաբար կան որոշակի փակ պայմանավորվածություններ կամ ծրագրեր, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ, բայց փաստն այն է, որ տարբեր հայտարարությունների և դեմարշների արդյունքում ռուսական կողմը գնալով ավելի կոշտ տնտեսական արձագանքի է անցնում։

Սա չափազանց վտանգավոր իրավիճակ է, որովհետև վտանգի տակ է հայտնվում առնվազն 2026 թվականի գյուղատնտեսական բերքը՝ սկսած կեռասից ու ծիրանից, մինչև ամբողջ վերամշակող և լոգիստիկ շղթան։ Եթե իրավիճակը շարունակվի նույն կերպ, կարող ենք ամռանը տեսնել ծայրահեղ ցածր գներ․ օրինակ՝ ծիրանը կարող է արժենալ ընդամենը 50 դրամ, քանի որ տնտեսվարողները չեն կարողանա իրացնել իրենց բերքը»։

Հրայր Կամենդատյանի խոսքով՝  խնդիրներ միայն գյուղացիների համար չէ, որ կստեղծվեն։ 

«Սա շղթայական հարված է ամբողջ տնտեսությանը՝ գյուղացիական տնտեսություններից մինչև բեռնափոխադրողներ, լոգիստիկ ընկերություններ, բանկեր,  վարկային կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են այդ ոլորտը։ Վերջում վնասը հասնելու է նաև պետական բյուջեին՝ հարկային և մաքսային մուտքերի կրճատման տեսքով։ Եվ այսօր մեր դժբախտությունն է ունենալ այնպիսի  իշխանություն, որի քայլերի հետևանքով մտնում ենք լուրջ դժվարությունների և կոնֆլիկտի մեջ հյուսիսային շուկայի՝ հատկապես Ռուսաստանի հետ։ Տնտեսական վտանգներն էլ երկար սպասեցնել չեն տա, և առաջիկա 1-2 ամսում դրանց ազդեցությունը արդեն զգալի կլինի։

Չնայած, կարող ենք արձանագրել, որ վնասներն արդեն սկսվել են։ Ծաղիկ արտահանողները, որոնց արտադրանքը հնարավոր չէ երկար պահել, արդեն բախվել են իրացման խնդիրների։ Առաջիկա օրերին ցանկացած ծաղկի խանութում հնարավոր կլինի նկատել, թե որքան կտրուկ են փոխվել գները։ Մի կողմից՝ սպառողի համար սա կարող է թվալ դրական երևույթ, որովհետև ապրանքը էժանանում է, բայց տնտեսության և պետական եկամուտների տեսանկյունից սա լուրջ հարված է»,-նշում է Կամենդատյանը։ 

Տնտեսագետի գնահատմամբ՝ իշխանության ներկայացուցիչների արձագանքը տեղի ունեցողին ավելի շատ պատասխանատվությունից խուսափելու փորձ է հիշեցնում, քան իրավիճակի լուրջ գնահատում։

«Մինչդեռ խնդիրը քաղաքական հայտարարություններից շատ ավելի խորն է․ դրա գինը վճարելու է հայ տնտեսվարողը»։

 

 

 

«Չափազանց վտանգավոր իրավիճակ է, հարված՝ ամբողջ տնտեսությանը». Տնտեսագետը՝ Ռուսաստան հայկական ապրանքների ներմուծման արգելքի մասին