.jpg)
Առանց ժամացույցի և օրացույցի մարդու կյանքը անկասկած դժվար կլիներ
Օրացույցը ժամանակի հաշվարկման համակարգ է, բայց կարևոր առանձնահատկությամբ՝ այն հիմնված է Երկրի, Լուսնի և Արեգակի պարբերական շարժումների վրա։ Այն մեզ հնարավորություն է տալիս խմբավորել օրերը։
Առաջին օրացույցները ստեղծվել են եղանակի ցիկլային ու կանխատեսվող փոփոխությունների պայմաններում։
Հայտնի է, որ Նեբտա Պլայայում, որը ներկայիս Եգիպտոսի տարածքն է, մեր թվարկությունից մոտ 5000 տարի առաջ կիսաքոչվոր ցեղերի կողմից ստեղծվել է առաջին օրացույցը, որում տարվա սկիզբը նշանավորվել է Սիրիուս աստղի հայտնվելով։
Մասնավորապես, դրա օգնությամբ մարդիկ որոշում էին, թե երբ պետք է սկսվի ու ավարտվի օրինակ անձրևների սեզոնը:
Ընդհանրապես յուրաքանչյուր ժողովուրդ օգտագործել է պատմական դեպքերի թվագրման իր համակարգը, օրինակ հրեաները այն թվագրել են մ․թ․ա․ 3761 թվականով, ալեքսանդրյան ժամանակագրությունն աշխարհի ստեղծման ամսաթիվը համարել է մ․թ․ա․ 5493 մայիսի 25-ը և այլն․․․
Իր օրացույցն է ստեղծել նաև համաշխարհային կրոններից յուրաքանչյուրը՝ Գրիգորյան օրացույցի 2025 թվականի սեպտեմբերի 14-ից սկսվել է 7534 թվականը՝ սկսած աշխարհի արարումից, ըստ իսլամական օրացույցի՝ Հիջրագի 1440 թվականն է/2018թ․ մայիսի 11-ից/, ըստ բուդդայական օրացույցի՝ 2569 թվականն է և այլն։
Տարվա հաշվարկը հունվարի 1-ից սկսելու ավանդույթը ներմուծվել է Հուլիոս Կեսարի կողմից՝ մ․թ․ա․ 45 թվականին ու դա կոչվում է հուլյան տոմար։ Դրանով տարվա միջին տևողությունը սահմանվել է 365,25 օր, սովորական տարին տևում է 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում է նահանջ տարի՝ 366 օր։
Հուլյան տոմարի զարգացումն է Գրիգորյան օրացույցը/նոր տոմար/։Այն ներմուծվել է Գրիգորիս 12 Հռոմի Պապի կողմից՝ 1582 թվականի հոկտեմբերի 15 -ին։
Պետք է նշել, որ հին ու նոր տոմարների տարբերությունը 16-17-րդ դարերում կազմել է 10 օր, 18-րդ դարում՝ 11 օր, 19-րդ դարում՝ 12 օր, 20-21-րդ դարերում այն կազմում է 13 օր։
2100 թվականի մայիսի 15-ից տարբերությունը կլինի 14 օր։
Հայերի օրացույցը Հին եգիպտական օրացույցի հասակակիցն է։ Վաղ անցյալում հայկական նոր տարին սկսվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։
Այնուհետև տարեսկիզբը տեղափոխվել է օգոստոսի 11-ը՝ ի պատիվ Հայկ Նահապետի այդ օրը տարած հաղթանակի։ Այս օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական և ըստ դրա տարին ուներ 12 ամիս՝յուրաքանչյուրը 30 օրով և լրացուցիչ 13-րդ ամիս, որն ուներ 5 օր։
Հետաքրքիր է նաև նշել , որ հայերեն առաջին տպագիր օրացույցը՝ «Պարզատումարը», տպագրվել է 1513թ-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի պատրաստած առաջին տպարանում։
Հայոց և աշխարհի ամենաերկարակյաց օրացույցը հրատարակում են Վենետիկի Մխիթարյան միաբանները՝ 1775 թվականից։
Օրացույցի միավորներն են՝ օր, որը ժամանակի չափման միավոր է ու մոտավորապես հավասար է Երկրի՝ իր առանցքի շուրջ պտույտի տևողությանը։
Շաբաթը նույնպես ժամանակի չափման միավոր է։ Յոթնօրյա շաբաթն առաջին անգամ շրջանառվել է Բաբելոնում, իսկ առաջին դարում դրանից սկսել են օգտվել Հռոմում, որտեղից էլ այն տարածվել է դեպի Եվրոպա։
Ընդհանրապես օրացույցի հիմնական միավորներն են օրերը, ամիսները և տարին։ Դրանց համաձայնեցման արդյունքում ստեղծվել են լուսնային, լուսնաարևային ու արևային օրացույցները։
Լուսնային օրացույցը ժամանակի հաշվարկման համակարգ է, որը հիմնված է Երկրի շուրջ Լուսնի պտույտի և նրա փուլերի փոփոխության վրա։Այն բաղկացած է 12 լուսնային ամիսներից՝ ունենալով մոտ 29,5 օր տևողությամբ ամիսներ, իսկ տարին կազմում է 354 կամ 355 օր։
Իսլամական հիջրի օրացույցը մաքուր լուսնային օրացույց է։
Լուսնա-արևային օրացույցը հիմնված է Լուսնի փուլերի և Արևի շուրջ Երկրի պտույտի հաշվառման վրա։Քանի որ 12 լուսնային ամիսները տևում են 354 օր, որոշակի ժամանակահատվածում տարին համապատասխանեցնելու համար ավելացվում է/գումարվում է/ լրացուցիչ 13-րդ ամիսը։
Նման օրացույցներից են հրեական, չինական, բուդդայական օրացույցները։
Արևային/արեգակնային/ օրացույցը ժամանակի հաշվարկման համակարգ է, որը հիմնված է Երկրի՝ Արեգակի շուրջ պտտվելու տևողության վրա։Դրա հիմքում ընկած է արևադարձային տարին/365 օր,5 ժամ,48 րոպե և 46 վրկ/, որի դեպքում տեղի է ունենում տարվա եղանակների ամբողջական փոփոխությունը։
Այժմ աշխարհում ամենաօգտագործվող և ընդհանուր միջազգային ստանդարտ հանդիսացող օրացույցը Գրիգորյան օրացույցն է։ Այն հիմնաված է Արեգակի շուրջ Երկրի պտույտի հաշվառնան վրա և ունի 365 կամ 366 օր։
Նկատենք, որ հեռախոսների էլեկտրոնային օրացույցը աշխատում է որպես յուրաքանչյուրիս անձնական թվային օգնական՝ ինտեգրելով ժամանակագրային տվյալների բազան, ծանուցումների համակարգը և ամպային տեխնոլոգիաները։
Կամո Աթայան