ՍԱՏՄ-ն ծանուցում ստացել է ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ. բանակցություններ են սկսել
29/05/2026 14:56

ՍԱՏՄ-ն ծանուցում ստացել է ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ. բանակցություններ են սկսել

ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ ծանուցում ստացել է մայիսի 28-ին, Aysor.am-ն այս մասին տեղեկացավ ՍԱՏՄ-ից։

«Ստացել ենք ծանուցում, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի ու ելակի ներկրման նկատմամբ։ Տեսչական մարմնի ղեկավարն արդեն սկսել է բանակցությունները»,-Aysor.am-ին ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ արդյունքներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինեն և կհրապարակվեն։

Հիշեցնենք՝ Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող մի շարք գյուղմթերքների՝ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։

Ռուսական կողմը որոշումը պատճառաբանում է բուսասանիտարական խախտումների հաճախակի արձանագրմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հայկական կողմը բավարար միջոցներ չի ձեռնարկել նախկինում հայտնաբերված խնդիրների ուղղությամբ։ Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ միայն 2026 թվականին արձանագրվել է խախտման 181 դեպք։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան