.jpg)
Խաղաղության երաշխավորի քավորություն ստանձնելով՝ ԱՄՆ-ն «թաթ»-ը դնում է ՀՀ-ի օգտակար ռեսուրսների վրա. Միջազգայնագետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայաստանյան այցն ու ստորագրված փաստաթղթերը, ըստ միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի, ընդհանուր առմամբ կարելի է գնահատել որպես ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության խորացման հերթական քայլ, սակայն այդ գործընթացում կան նաև լուրջ հարցեր ու մտահոգություններ։
Aysor.am-ի հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ հատկապես ուշագրավ է Հայաստանի կրիտիկական հանքանյութերի, հազվագյուտ մետաղների և օգտակար հանածոների ոլորտին վերաբերող համաձայնագրի ստորագրումը։
«Պետքարտուղարն անգամ մեկ ժամ չմնաց Հայաստանում, բայց հասցրեցին նման կարևոր համաձայնագիր ստորագրել։ Հանրությունն իրավունք ունի մանրամասն իմանալու՝ ինչ պարտավորություններ և ինչ շահաբաժիններ են նախատեսված այդ փաստաթղթով»,- ասաց նա։
Միջազգայնագետի խոսքով՝ հանրությանը ներկայացվում են հիմնականում պաշտոնական լուսանկարներ, ժպիտներ և ընդհանուր հայտարարություններ, մինչդեռ պայմանագրերի բովանդակությունը մնում է ոչ ամբողջությամբ բացահայտված։
Կարապետյանը նաև ընդգծեց, որ նմանատիպ համաձայնագրեր ԱՄՆ-ն նախկինում կնքել է տարբեր երկրների հետ, որոնք հարուստ են բնական ռեսուրսներով՝ հիշատակելով Կոնգոն ու Սաուդյան Արաբիան. «Փորձը ցույց է տալիս և պատմագրությունն էլ ապացուցում է, որ ԱՄՆ-ն հատկապես հանքանյութերի, օգտակար հազվագյուտ մետաղների մասով բազմաթիվ երկրների հետ վերջին տասնամյակում ունեցել է նմանատիպ պայմանագրեր։ Դա եղել է կա՛մ ստիպելու, կա՛մ ուլտիմատումի, կա՛մ գործարքի մասով։ Նման պայմանագրեր ունեն և՛ Կոնգոյի հետ, և՛ Սաուդյան Արաբիայի հետ, մի շարք պետությունների հետ, որոնք ունեն օգտակար հանածոներ և բնական պաշարներ»։
Նրա խոսքով՝ հատկապես մտահոգիչ է այն, որ նման գործընթացները կարող են վերածվել քաղաքական կամ տնտեսական ազդեցության գործիքի։
«Ուկրաինական օրինակն արդեն ցույց տվեց, որ օգտակար հանածոների թեման կարող է դառնալ նաև աշխարհաքաղաքական առևտրի մաս. «Տառացիորեն որպես կոնֆլիկտի լուծման այլընտրանքային տարբերակ առաջարկ է եղել հենց ուկրաինական հայտնի օգտակար հանածոների պաշարներին տնօրինելը, հետևաբար, ես ունեմ այդ լուրջ մտահոգությունը, որ սա ուղղված է ընդամենը պաթետիկ խոսքերից անդին՝ սեփական ազգային շահերը սպասարկելուն։ Խաղաղության երաշխավորի քավորություն ստանձնելով՝ ԱՄՆ-ն «թաթ»-ը դնում է ՀՀ-ի օգտակար ռեսուրսների վրա։ Այստեղ երկու իրավիճակ կա, ժողովրդի մի ստվար զանգված աչք է փակում դրա վրա, քանի որ նրանց գերնպատակը միայն ու միայն ռուսական ծիրից դուրս գալն է, և նաև քանի որ ՌԴ-ին դեմ է այս ամենը, իրենք դեմ չեն, որ այս ամենին տիրապետի ԱՄՆ-ն»։
Նրա գնահատմամբ՝ հասարակության մի հատված պատրաստ է ընդունել այդ գործընթացները միայն այն պատճառով, որ դրանք հակադրվում են Ռուսաստանի ազդեցությանը տարածաշրջանում։