«Ջերմուկ»-ում նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել. Հարությունյան
29/05/2026 15:07

«Ջերմուկ»-ում նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել. Հարությունյան

 Մենք «Ջերմուկից» նմուշառում ենք կատարել, լաբորատոր փորձաքննության արդյունքներում շեղումներ չեն հայտնաբերվել, հիդրոկարբոնատի, սուլֆատի, քլորի իոնների քանակը համապատասխանել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ՍԱՏՄ-ն ծանուցում ստացել է ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի ու ելակի ներկրման նկատմամբ։ Տեսչական մարմնի ղեկավարն արդեն սկսել է բանակցությունները։

«Իսկ բուսաբուծական և ձկնաբուծական ձեռնարկություններում մայիսի 21-27-ը ռուս գործընկերների հետ համատեղ անցկացրած ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել։ Դրանք նույնպես կներկայացվեն ամփոփվելուց հետո», - ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կարգադրել էր Ռուսաստանում կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան