.jpg)
Ունենք 10 տարեկան երեխաներ, որոնք ասում են՝ «ինձ ոչ ոք չի սիրում»․ սա մեծագույն ողբերգություն է. Քնարիկ Գարանֆիլյան
Թեև վերջին տարիներին Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում զգալի աշխատանք է կատարվել, դա դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են, Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ, Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անամ Քնարիկ Գարանֆիլյանը։
Նրա խոսքով՝ օրենսդրական մակարդակում իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, որոնք նպաստում են երեխաների իրավունքների պաշտպանությանն ու աջակցության համակարգի զարգացմանը։
«Կարելի է ասել, որ օրենսդրական դաշտում բավականին մեծ աշխատանք է կատարվում, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն։ Գործում են նաև երեխաների ցերեկային խնամքի կենտրոններ, որտեղ բազմաթիվ երեխաներ ստանում են անհրաժեշտ ծառայություններ։ Նման կենտրոններ ունենք նաև մենք Մեծամորում և Արթիկում»,- ասաց նա։
Սակայն մասնագետը շեշտում է՝ միայն օրենքների առկայությունը բավարար չէ։ Նրա համոզմամբ՝ երեխաների պաշտպանության հարցը պետք է լինի ոչ միայն պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների, այլև ամբողջ հասարակության ուշադրության կենտրոնում. «Որքան էլ օրենքները լավը լինեն, դրանք պետք է կիրառվեն։ Մեզ մոտ կիրառվում են, սակայն ոչ բավարար մակարդակով։ Այստեղ պատասխանատվության հարց էլ կա»։
Գարանֆիլյանի խոսքով՝ Հայաստանում դեռևս մտահոգիչ են տարբեր տեսակի բռնությունների դեպքերը՝ ֆիզիկական, հոգեբանական, ինչպես նաև երեխաների անտեսման երևույթը։
«Շատ կարևոր է ոչ միայն արձագանքել արդեն տեղի ունեցած բռնությանը, այլ նաև կանխարգելել այն։ Այստեղ մեծ դեր ունեն թե՛ ընտանիքները, թե՛ դպրոցները, թե՛ պետական կառույցները»,- ասում է նա։
Հարցին՝ արդյո՞ք հետազոտություն կա, թե մեր երկրում բռնության որ տեսակին են ավելի շատ ենթարկվում երեխաները՝ ընտանեկա՞ն, սեռակա՞ն, թե՞ բուլինգ՝ Երեխաների պաշտպանության ցանցի նախագահը դժվարացավ ասել. «Կան հետազոտություններ, սակայն դրանք խորությամբ արված չեն։
Հիմնախնդիրներից մեկը մանկական աղքատությունն է, որի մակարդակը դեռևս շատ մեծ է։ Յուրաքանչյուր երրորդ երեխա աղքատության մեջ է ապրում։ Ցավոք, այսօր երեխաները ընտանիքներում ենթարկվում են բռնության, և այստեղ խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ, այստեղ հոգեբանական բռնություն կա, երեխաների անտեսում կա»։
Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրում ծնողավարման մշակույթի վրա՝ նշելով, որ հաճախ ծնողները ժամանակին չեն նկատում երեխայի դժվարությունները, խնդիրները կամ չեն դիմում մասնագետների օգնությանը։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում նաև բուլինգի տարածվածությունը դպրոցներում և համայնքներում։
Սակայն, ըստ Գարանֆիլյանի, ամենամեծ ցավը երեխաների այն խոսքերն են, որոնք վկայում են սիրո և ուշադրության պակասի մասին։
«Ունենք 10 տարեկան երեխաներ, որոնք ասում են՝ «ինձ ոչ ոք չի սիրում»։ Սա մեծագույն ողբերգություն է։ Նման երեխաները հաճախ կամ ագրեսիվ են դառնում, քանի որ իրենց հանդեպ ագրեսիա կա, կամ հակառակը՝ փակվում են իրենց մեջ, խուսափում են շփումներից»,- ընդգծեց նա։
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահի համոզմամբ՝ հասարակությունը պետք է ավելի հստակ գիտակցի, թե ինչ է բռնությունը և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ երեխայի զարգացման վրա։
«Միայն հունիսի 1-ը չպետք է երեխաների համար տոն լինի։ Նրանք ամեն օր պետք է լինեն պաշտպանված, խնամված, սիրված և երբեք չպետք է ենթարկվեն որևէ տեսակի բռնության»,- եզրափակեց Գարանֆիլյանը։
Հիշեցնենք, որ ամռան առաջին օրը՝ Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այս տոնը սահմանվել է 1949 թվականին Փարիզում՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։
Ավանդաբար, Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում այս օրը լայնորեն նշվում է տարբեր մանկական, մշակութային և զվարճալի միջոցառումներով։
Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության։