.jpg)
Ինչպես հանրությանը ծանոթացնել գիտական նորարարությունների հետ
Գիտության հանրամատչելիացման, հանրայնացման խնդիրը աշխարհում միշտ էլ առկա էր, իսկ ավելի հրատապ է դարձել գիտատեխնիկական հզոր պոռթկման մեր ժամանակներում։ Խնդիրն այն է, որ առանց տարրական պատկերացումների, գիտության, տեխնիկայի ու տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ 21-րդ դարում անհնարին է պարզապես ինտեգրվել հասարակությանը․․․
Աշխարհում՝ այդ թվում նաև մեզ մոտ նշված ուղղություններով որոշակի աշխատանքներ են կատարվում և կարևոր է այն, որ կյանքի պահանջներով, նրա թելադրանքով հաճախ առաջանում են գիտության հանրայնացման, հանրհռչակման նոր ձևեր, մոտեցումներ, մեթոդներ և միջոցառումներ։
Գիտահանրամատչելի շոուն դրանցից մեկն է։ Այն կրթական գիտահանրամատչելի բովանդակությամբ զանգվածային միջոցառում է, ներկայացում է, որը ասենք դիտարժան ֆիզիկական, քիմիական փորձերի միջոցով բացատրում է գիտական բարդ երևույթներ։ Նման միջոցառման հիմնական նպատակը հանդիսատեսին, տվյալ դեպքում նաև երեխաներին ներգրավելն է ինտերակտիվ ուսումնաճանաչողական գործունեության մեջ՝ ապացուցելով, որ գիտությունը այնքան էլ «ձանձրալի» չէ․․․
Հայտնի է պրոֆեսոր Նիկոլայ Գանալյուկի գիտահանրամատչելի շոուն, որը նախատեսված է 4-15 տարեկան երեխաների համար։ Այն բաղկացած է գիտական ցայտուն, տեսանելի փորձերից, որի ընթացքում զվարճանքի լեզվով մասնակիցներին է ներկայացվում ֆիզիկայի և քիմիայի հիմունքները։ Այն ստեղծվել է 2010 թվականին՝ Մոսկվայում և այժմ ՌԴ խոշոր 63 քաղաքներում և աշխարհի 4 երկրներում ունի ներկայացուցչություններ։ Նրա կազմակերպած գիտահանրամատչելի շոուն ընթանում է խաղային ուսուցման ձևաչափով, որի գաղափարը կանադական Mad Sciense ֆիրմայի կողմից է առաջադրվել։ Նման գաղափարի մասնակիցները համոզված են, որ խաղային գործընթացում տեղեկույթը երեխաների կողմից ավելի լավ է յուրացվում։
ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպական շատ երկրներում այսպես կոչված «Էդյուտեյնմենտը՝ կրթաժամանցը» լայն տարածում ունի և նույնիսկ մտել է ուսումնական ծրագրերի մեջ։ Դրա իմաստը նրանում է, որ երեխաները դիտում են ուսուցչի կողմից կատարվող փորձերը և խորհելով տալիս են դրանց բացատրությունները։ Ի դեպ մենք մի քայլ առաջ ենք անցել այդ հարցում և ֆիզիկայից հատուկ վիկտորինաներ ենք կազմակերպում, երբ կատարված փորձի բացատրությունը դառնում է վիկտորինայի հարցի պատասխան ու դա իրականացնում ենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ մասնավորապե Մայկոպում տեղի ունեցող Կովկասյան միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի մասնակիցների համար որը կոչվում է ,,Физический экспериментариум для юных математиков,,։
Կարելի է կազմակերպել նաև «Տիպիկ ազոտային շոու» երբ տպավորիչ փորձեր են կատարվում ազոտով։ Ասենք հաղորդավարը ցուցադրում է -196 աստճան Ցելսիուսի ջերմաստիճան ունեցող հեղուկ ազոտի կախարդական թվացող հատկությունները։ Օրինակ ազոտի մեջ թաթախված վարդը դառնում է ապակու պես փխրուն և փշրվում է փոքրիկ հարվածից, իսկ հեղուկ ազոտի վրա եռացող ջուր լցնելիս առաջանում է հսկայական և անվնաս սպիտակ ամպ։
Դա սումբլիմացիայի հայտնի երևույթն է։
ԱՄՆ-ում գիտահանրամատչելի մասշտաբային նախագծերից է «թող պարի թեզը» /Dance your PhD/: Այս մրցույթի իմաստը նրանում է, որ ասպիրանտները իրենց գիտական թեզի մասին պատմում են հետաքրքիր ու հասկանալի լեզվով։ Մրցույթի պայմաններով անհրաժեշտ է ոչ թե բառերով պատմել, այլ պարի միջոցով, որն էլ մրցույթի գլխավոր և գրավիչ հատվածն է։
Ըստ գործող կանոնների մասնակիցները պետք է նկարահանեն կարճ տեսանյութ և այն ուղարկեն մրցույթի հանձնախմբին։ Նկատենք, որ հետաքրքիր այս միջոցառումը կազմակերպվում է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և սոցիալական ուղղվածությամբ գիտություններով։
Ընդունված ծրագրերից է նաև «Գիտությունը անիվների վրա» /Science on Wheels/ նախագիծը։ Հավաքվում են 4-5 ասպիրանտներ և ուղևորվում գավառական քաղաք /բնակավայր/։ Հետազոտողները տեղի բնակիչների համար կարդում են 5-10 րոպե տևողությամբ կարճ դասախոսություններ իրենց բնագավառներից, կամ պարզապես պատմում են գիտության մեջ վերջին շրջանում տեղի ունեցած հետաքրքիր որևէ դեպք։ Նման միջոցառման հիմնական լսարանը աշխատող գյուղացի մարդն է՝ իր ընտանիքով․․․
Այս նախագծի հիմնական իմաստը նրանում է, որ մատչելի, բայց գիտական լեզվով մարդկանց է ներկայացվում կյանքի դրվագներ և շեշտվում է այն միտքը, որ ցանկացած մարդ կարող է ստանալ բարձրագույն կրթություն։ Ի դեպ նման միջոցառում իրականացվում է ֆիզիկայի սարքերով հագեցած ավտոբուսի օգնությամբ, երբ տեղափոխվելով բնակավայրից բնակավայր դպրոցականների ու հետաքրքրվողների համար կատարվում են հետաքրքիր ֆիզիկական փորձեր։ Դա կարելի է իրականացնել նաև լաբորատոր աշխատանքների պահով, քանզի տարբեր պատճառներով նման աշխատանքները, որոնք խիստ կարևոր են ֆիզիկայի օրենքները հասկանալու և կիրառելու տեսանկյունից հաճախ չեն կատարվում տեղերում։
Տարածված է գիտական կինոփառատոն միջոցառումը։ Հայտնի է կինոյի բացառիկ դերը գիտության հանրամատչելիացման ու հանրայնացման գործում։ Raw Science Film Festiwal խորագրով միջոցառումը կազմակերպվում է Կալիֆոռնիայում։ Մասնակցում են ռեժիսորներ, որոնք նկարահանում են վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր գիտության ու տեխնիկայի թեմատիկայով և գիտության ու տեխնոլոգիաների մասին։ Հեղինակային հանձնախումբը ընտրում է լավագույն աշխատանքները մի քանի նոմինացիաներով, իսկ մի քանի ամիս անց տեղի է ունենում փառատոնը, որը պարզում է նաև հաղթողներին։
Լայնորեն հայտնի է նաև «Դպրոցական գիտական տոնավաճառ» մաստաբային ծրագիրը, որը տիպիկ ամերիկյան ոճի միջոցառում է, որի ընթացքում մասնակից սովորողները մտածում և առաջարկում են գիտական նախագծեր ու ծրագրեր, որոնք գնահատում է հեղինակավոր հանձնախումբը։ Որպես կանոն այն անցնում է բավականին գործուն ընթացքով ու վեր է հանում տարբեր ուղղություններով առկա գիտակոնստրուկտորական ու տեխնիկատեխնոլոգիական մտքի երիտասարդ կրողներին։
Կամո Աթայան