.jpg)
Ընտրություններից հետո ԵՄ-ԵԱՏՄ թեման այլ երանգներ կստանա. վերլուծաբան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու հարցը պետք է որոշի ժողովուրդը, քանի որ դա բխում է Սահմանադրության պահանջներից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա հիշեցրեց՝ պաշտոնական Երևանը նախկինում մի քանի անգամ հայտարարել է՝ եթե առաջանա ընտրության անհրաժեշտություն, այդ հարցը կլուծվի հանրաքվեի կամ ընտրական գործընթացի միջոցով։
Բադալյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները պետք է դիտարկել նախընտրական տրամաբանության շրջանակում։
«Կարծում եմ՝ այժմ ամեն ինչ նախընտրական տրամաբանության մեջ է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է Եվրամիության թեման օգտագործել քաղաքական խաղի համար՝ մի կողմից պահպանելու եվրոպամետ ընտրազանգվածին, մյուս կողմից ապահովելու եվրոպական քաղաքական շրջանակների լոյալությունը»,- նշեց նա։
Վերլուծաբանը չի կարծում, որ գործող իշխանություններն իրականում Հայաստանը տանում են դեպի ԵՄ լիարժեք անդամակցություն։
Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն՝ Բադալյանը նշեց, որ հստակ պատասխան տալ հնարավոր չէ. «Դա կարող է պարզ դառնալ միայն հանրաքվեի արդյունքներով կամ անաչառ սոցիոլոգիական հետազոտություններով։ Այն, որ հասարակության զգալի հատվածը դրական է վերաբերվում ԵՄ անդամակցության գաղափարին՝ ակնհայտ է, սակայն դժվար է ասել՝ խոսքը քանի տոկոսի մասին է»։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ շատերին Եվրամիությունը դրսից գրավիչ է թվում, սակայն դրա ներքին խնդիրների մասին հանրությունը հաճախ բավարար տեղեկացված չէ. «Ի վերջո, ԵՄ-ն ներսից այսօր մի բան է, դրսից՝ մեկ այլ բան։ Այն դրսից ունի բավականին մեծ գրավչություն, բայց ներսում իրավիճակը շատ վաղուց միարժեք չէ։ Իհարկե, ՀՀ քաղաքացիներին այս ամենը ներկայացնելը այլ խնդիր ու աշխատանք է։ Թե ինչպիսին կլինի պատկերն այդ ամենը ներկայացնելուց հետո, սա էլ հարց է»։
Անդրադառնալով «կա՛մ-կա՛մ» քաղաքականության վերաբերյալ դիտարկումներին՝ Բադալյանը նշեց, որ նման շեշտադրումները հիմնականում գալիս են Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից։
«Նրանք փորձում են այդ շեշտադրումներով Հայաստանի նախընտրական գործընթացում բարձրացնել իրենց շահերի գինը և լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։ Կարծում եմ՝ ընտրություններից հետո այս հարցը բոլորովին այլ երանգներ և շեշտադրումներ կստանա»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ Հայաստանը կաշխատի ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի։