Իմ կոչին ընդդիմությունը չարձագանքեց, քանի որ բոլորն ուզում են «դևին իրենք սպանել», «կինոյի տղա» լինել. Հովիկ Աղազարյան
02/06/2026 19:59

Իմ կոչին ընդդիմությունը չարձագանքեց, քանի որ բոլորն ուզում են «դևին իրենք սպանել», «կինոյի տղա» լինել. Հովիկ Աղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով հիմնադրել է «Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը», ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու առաջարկով։

Aysor.am-ի հետ զրույցում նախկին իշխանական պատգամավորն ասաց, որ մինչ օրս ոչ մի արձագանք չի ստացել ոչ մի ուժի կողմից, իսկ թե ինչու՝ բազմաշերտ խնդիր է համարում։

«Կարծում եմ՝ չեն արձագանքում նաև այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բավականին գրագետ է հասցրել իր քաղաքական հարվածները, շատ կետային։ Օրինակ՝ որոշ ուժեր կարող են մտածել, որ եթե նման քայլ անեն, անմիջապես կասեն. «Ահա, տեսա՞ք, ասում էինք՝ սա արվում է Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու համար»։ ՔՊ-ի ակտիվիստները մշտապես նման թեզեր են առաջ քաշում, և դա կարող է խանգարող հանգամանք լինել։ 

Մյուս կողմից՝ կա նաև մարդկային գործոնը, բոլորն ուզում են «դևին իրենք սպանել», «կինոյի տղա» լինել և հաղթանակի դեպքում դափնիներն իրենց գլխին դնել։  Բայց ես խորապես համոզված եմ, որ միավորումը լրջություն կտար պայքարին, կլիներ մի տեսակ շաղախող գործոն»,-ասաց Աղազարյանը։

Չնայած նրան, որ ընդդիմությունն իր առաջարկին չի պատասխանել,  Աղազարյանը դրական է գնահատում նրանց քարոզարշավը՝ նշելով.

«Այս փուլում ընդդիմությունը լուրջ առավելություն ունի իշխանության նկատմամբ։ Մի քանի դեպքերում հենց ընդդիմությունն է կարողացել թելադրել օրակարգը։ Սա նոր իրավիճակ է, որովհետև վերջին մոտ մեկ տարվա ընթացքում հիմնականում հազիվ պաշտպանվում էինք Նիկոլ Փաշինյանի կողմից թելադրվող օրակարգերից։

Այժմ ընդդիմությունը մի քանի կարևոր հարցերում ինքն է ձևավորել օրակարգ, և դա բավական արդյունավետ է եղել»։

Աղազարյանն ասում է՝ հունիսի 7-ին վերջնական արդյունքը կտեսնենք։

 

Իմ կոչին ընդդիմությունը չարձագանքեց, քանի որ բոլորն ուզում են «դևին իրենք սպանել», «կինոյի տղա» լինել. Հովիկ Աղազարյան