«Ես կախարդական փայտիկ չունեմ». Եղիշե Մելիքյան
05/06/2026 21:13

«Ես կախարդական փայտիկ չունեմ». Եղիշե Մելիքյան

Վաղը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կկայանա Հայաստան — Ղազախստան ընկերական հանդիպումը։  

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Ղազախստանի ընտրանու դեմ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ խոսել է թիմի ներկա  վիճակի,  առկա խնդիրների մասին:

Մասնագետի խոսքով՝ առաջիկա երկու ընկերական մրցավեճերում գլխավոր նպատակը ոչ թե զուտ հաղթանակն է, այլ աշնանը սպասվող պաշտոնական հանդիպումներին հիմնավոր նախապատրաստվելը:

«Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչ ենք փնտրում այս խաղերում: Վնասվածքների պատճառով ունենք կորուստներ, կան որոշակի փոփոխություններ: Սա իդեալական հնարավորություն է վերլուծելու մեր սխալները և շտկելու դրանք մինչև աշնանային կարևոր մրցելույթները»,- նշել է Մելիքյանը՝ հավելելով, որ թեև հաղթանակը միշտ էլ ցանկալի է, սակայն այս անցումային փուլում այն ինքնանպատակ չէ:

Գլխավոր մարզիչը գնահատական է տվել հավաքականում ստեղծված իրավիճակին.

«Ես կախարդական փայտիկ չունեմ խնդիրները մեկ վայրկյանում լուծելու համար: Թիմում սերնդափոխություն է, բավականին երիտասարդ կազմ ունենք: Եթե անգամ այս տարի շոշափելի արդյունքներ չգրանցենք, ես հաստատ չեմ հուսահատվի: Այս ամենը ժամանակ և մեծ համբերություն է պահանջում: Վաղ թե ուշ մենք կունենանք այն թիմը, որը կկարողանա ապահովել կայուն և հստակ արդյունք: Եթե համբերությամբ զինվեք, ես թիմին կտանեմ այդ ճանապարհով, եթե ոչ՝ մեկ այլ մասնագետ կգա և կշարունակի գործը»:

Աղբյուր՝ armsport.am

«Ես կախարդական փայտիկ չունեմ». Եղիշե Մելիքյան