Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
06/06/2026 11:55

Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են:

Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը:

Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:  Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:  Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը:

Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: