.jpg)
Կարևորը ոչ թե ում ենք ընտրում, այլ՝ ինչ հասարակություն ենք կերտում. Իսահակ Սրբազան
Քվեարկեցի հանուն զարգացող, բարօր, ապահով Հայաստանի, որտեղ պիտի իշխող դառնա համերաշխությունը, փոխադարձ հարգանքը, հասկացողության ոգին, աստվածպաշտությունը, Վաղարշապատի 14/11 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց Գեղարքունյաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։
«Մեր տունը պիտի շարունակի ապրել խաղաղության, մարդասիրության, աստվածփնտրության մեջ»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, թե ընտրությունների ընթացքում մարդիկ կենտրոնանում են իշխանություն ընտրելու վրա։
«Բայց դուք էլ պետք է շատ լավ իմանաք, որ մեր վաղվա օրվա համար շատ կարևոր է, թե մենք ինչ հասարակություն ենք կերտում, ոչ թե ում ենք ընտրում։ Եթե հասարակության մեջ գերիշխեց փոխադարձ հասկացողության ոգին, ուրեմն մենք ամենալավ ընտրությունն ենք կատարել։ Եթե, Աստված մի արասցե, չունեցանք փոխադարձ համերաշխություն, հարգանք նվիրական սրբությունների նկատմամբ, ինչ ընտրություն էլ կատարենք, մեր ընտրությունը թերի է ու պակասավոր»,-ասաց Իսահակ Սրբազանը։