Հայաստանում գործեց մոլդովական մեթոդը՝ ուժային տարբերակով վերցնել իշխանությունը. քաղաքական վերլուծաբան
08/06/2026 14:14

Հայաստանում գործեց մոլդովական մեթոդը՝ ուժային տարբերակով վերցնել իշխանությունը. քաղաքական վերլուծաբան

 Քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ ընտրական գործընթացը դեռևս ավարտված չէ, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները չեն հայտարարել, որ ընդունում են ընտրությունների արդյունքները։

Aysor.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ տեղի ունեցածը, իր կարծիքով, միայն ներքաղաքական պայքար չէր։

«Ինչպես բազմիցս նշել եմ, սա պայքար չէր Հայաստանի քաղաքական ուժերի միջև։ Սա աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների մրցակցությունն էր Հայաստանի տարածքում՝ իշխանությունը պահպանելու կամ փոխելու նպատակով»,- ասաց նա։

Վերլուծաբանի խոսքով՝ ներկայիս իրավիճակում կարևոր է հասկանալ, թե ինչպիսի արձագանք կլինի արտաքին դերակատարների, մասնավորապես Ռուսաստանի կողմից։

«Շատ կարևոր է, թե արդյոք ռուսական կողմը կհամակերպվի՞ ստեղծված իրավիճակի հետ, թե՞ ոչ։

Եթե համակերպվում է այս ամենի հետ, ուրեմն ռուսական կողմը ՀՀ-ից հեռանում է շատ կարճ ժամանակահատվածում։ Այսինքն բազան կհանեն, երկաթուղին լիցենզիայից կզրկեն, հնարավոր է, որ «Գազպրոմն» էլ գնա։

Կամ էլ չի համակերպվում այս արդյունքների հետ և, բնականաբար, ինչ-որ գործողություններ պետք է լինեն»։

Նա ուշադրություն է հրավիրում  նաև այն հանգամանքին, որ ընտրություններից հետո ԵԱՏՄ անդամ երկրներից առաջին շնորհավորանքը հնչել է Ղազախստանից. «Այս պահի դրությամբ ԵԱՏՄ երկրներից Փաշինյանին շնորհավորել է միայն Ղազախստանը, այսինքն ընդունել է ընտրությունների արդյունքը, քանի որ Ղազախստանը միշտ դեպի Արևմուտք է հակված եղել՝ լինելով ԵԱՏՄ անդամ։ ՌԴ-ն, Բելառուսը և Ղրղզստանը չեն շնորհավորել այս պահի դրությամբ, դա միասնական դիրքորոշում է։ Բոլորն էլ հաշվարկել էին, որ ուժային մեթոդներով, այսինքն՝ մոլդովական ձևով կարող են իշխանություն պահել, ինչը տեղի ունեցավ»։

Բադալյանի կարծիքով՝ ընտրությունների ընթացքում բարձր մասնակցությունը դեռևս ինքնին չի նշանակում, որ գործընթացն ամբողջությամբ ազատ և արդար է եղել։

«Կային բազմաթիվ ահազանգեր՝ վերահսկվող քվեարկության վերաբերյալ։ Երբ պաշտոնատար անձինք կամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են ազդել ընտրողների որոշումների վրա, դա նույնպես ճնշման և ոչ արդար մրցակցության դրսևորում է։ Դա ուժային տարբերակի արտացոլում է։ Երբ ասում ենք ուժային, չպետք է հասկանալ, որ զենք են գործադրել։ Երբ ՔՊ պատգամավորի թեկնածուն կամ գյուղապետը տեղամասում ասում է, թե ինչպես ընտրեն, սա նույնպես ուժային տարբերակ է ու ոչ ազնիվ ու արդար ընտրություն»,-հավելեց նա։

Նրա խոսքով, մյուս կողմը՝ ՌԴ-ն, սպասողական վիճակի մեջ է.«Բնականաբար, եթե համակերպվում ես այս արդյունքների հետ, ուրեմն ՀՀ-ից հեռանում ես, իսկ ՌԴ-ն հայտարարել է, որ մտադրություն չունի ՀՀ-ից հեռանալու, ուրեմն ինչ-որ գործողություն պետք է լինի։ Թե ո՞րը կլինի դա՝ ես չեմ կարող ասել։ Եվս մեկ հանգամանք, որը փաստում է՝ այս ընտրություններն անցկացվել են մոլդովական սցենարով։ Սկզբում ՔՊ-ին տվել էին 61 մանդատ, բայց  հաշվի առնելով, որ դա 3/5 չի, իսկ որոշ օրենքներ անցկացնելու համար դա անհրաժեշտ է, ԲՀԿ-ին դուրս թողեցին և ապահովեցին ՔՊ-ին 64 մանդատով։ Եթե դիտարկեք Մոլդովայի փորձը, ապա կտեսնեք, որ նույն սենարն է եղել»։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Հայաստանում գործեց մոլդովական մեթոդը՝ ուժային տարբերակով վերցնել իշխանությունը. քաղաքական վերլուծաբան